ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Յոհան Վոլֆգանգ Ֆոն Գյոթե 275

սպտ 09, 2024 Նորություններ

volfhang
 

«Կարդացած գիրքը վերընթերցելը կրթվածության ամենահուսալի փորձաքարն է»: Գյոթեն է այդպես համարել։ Այսօր գերմանացի մեծ բանաստեղծ, գրող, վիպասան, դրամատուրգ և փիլիսոփա Յոհան Վոլֆգանգ Ֆոն Գյոթեի ծննդյան օրն է։ Այս տարի նշվում է բանաստեղծի 275-ամյակը։ Գյոթեի ստեղծագործության մեջ առանձնահատուկ տեղ ունի գերմանական պոեզիայի գլուխգործոց «Ֆաուստ» ողբերգությունը, որի վրա բանաստեղծն աշխատել է ավելի քան 60 տարի: Գերմանական ռոմանտիզմի հանճարեղ ներկայացուցիչը գրել է մոտ 1600 բանաստեղծություն: Դեռևս 1830թ. նրա բանաստեղծություններից առաջինը հայերեն թարգմանել է Խաչատուր Աբովյանը: Գյոթեի «Վարդը» բանաստեղծությունը թարգմանել է Հովհաննես Թումանյանը, որի համար երաժշտություն է գրել Ռոմանոս Մելիքյանը:

Հայաստանի ազգային գրադարանի՝ Գյոթեի գրքերի հարուստ հավաքածուում ամենահայտնի և ամենահազվադեպ հրատարակություններ են. 1875-ին և 1884-ին Լայպցիգում և Շտուտգարդում լույս տեսած գերմաներեն տասհատորյակները, գերմաներեն 20, 40, 50 հատորյակներ, Բորիս Պաստեռնակի թարգմանությամբ «Ֆաուստ»-ը, Գյոթեի և Շիլլերի նամակագրության երկհատորյակը, «Ֆաուստի», «Էգմոնտի», «Վերթերի»՝ Կահիրեում, Թիֆլիսում, Բեյրութում, Երևանում, Վաղարշապատում լույս տեսած հայերեն ամենատարբեր թարգմանությունները և այլն: Ազգային գրադարանում կարող եք ընթերցել Գյոթեի գրական ժառանգության լավագույն հրատարակությունները՝ տարբեր ժամանակներում ու երկրներում լույս տեսած հայերեն բազմաթիվ ստեղծագործությունները, անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն և այլ լեզուներով առանձին հրատարակություններ: Գյոթեի հազվագյուտ շատ գրքեր պահվում են գրադարանի Անձեռնմխելի գրականության բաժնի գրապահոցում՝ Լազարյան ճեմարանի, Արղության-Երկայնաբազուկի, Լեոյի և այլ հավաքածուներում։ Եկեք Ազգային գրադարան՝ ընթերցենք, վերհիշենք, վերընթերցենք Գյոթեի հայտնի ու անհայտ ստեղծագործություններն ու գրքերը: