Հեռախոսահամար
Հայաստանի ազգային գրադարանը ձգտում է ապահովել հնարավոր լավագույն պայմաններն իր ընթերցողների հետազոտական և ուսումնական գործունեության համար՝ ստեղծելով հանգիստ և հարմար միջավայր սպասարկման ստորաբաժանումներում։
Այդ նպատակով ՀԱԳ-ը սահմանել է գրադարանից օգտվելու կանոններ, որոնք կօգնեն անխափան իրականացնել մեր առաքելությունը, ապահովել հավաքածուների անվնաս պահպանությունն ու պաշտպանել օգտվողների և աշխատակիցների իրավունքները։
1.1. Հայաստանի ազգային գրադարանը գիտակրթական, մշակութային, տեղեկատվական խոշոր հաստատություն է, Հայաստանի Հանրապետության գրքային ժառանգության և փաստաթղթերի (վավերագրերի) պարտադիր օրինակի հավաքածուն պահպանող գլխավոր գրադարանը:
1.2. Հիմնադրվել է 1832թ-ին, պետական կարգավիճակ ստացել է 1919թ-ին:
1.3. Ազգային գրադարանի ամբողջական հավաքածուն կազմում է ավելի քան 6 միլիոն հաշվառային միավոր, այդ թվում՝ գիրք, ամսագիր, թերթ, քարտեզ, պատկերագիրք, ատենախոսություն, սեղմագիր, պլակատ, մանրաժապավեն, բացիկ, էլեկտրոնային կրիչ և այլն:
1.4. Տպագիր արտադրանքի և էլեկտրոնային կրիչների վերոնշյալ տեսականու հետ յուրաքանչյուր շփում օգտվողի համար և´ տեղեկատվություն է, և´ անձնական պատասխանատվություն: Ուստի դրանց սպասարկման, պահպանման և հետագա սերունդներին ավանդելու նպատակով ներկայացվում են օգտվելու կանոնները՝ ընթերցողներին օգնելու, սպասարկման առանձնահատկություններին ծանոթացնելու և սահմանված կարգը պահպանելու մտադրությամբ:
1.5. Հայաստանի ազգային գրադարանի ծառայություններից կարող են օգտվել 16 տարին լրացած ՀՀ բոլոր քաղաքացիները, ինչպես նաև այլ երկրներից Հայաստան ժամանած հյուրերը:
1.6. Հասցեն՝ Երևան 0009, Տերյան 72, կայք՝ www.nla.am, էլեկտրոնային փոստ՝ armnationallibrary@gmail.com ։
2.1. Ձեռք բերել Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողական քարտ՝ սպասարկման բաժնի «Ընթերցողների գրանցման և բաժնույթների» ենթաբաժին ներկայացնելով անձնագիր, 1 լուսանկար /3x4/:
2.2. Քարտ ձեռք բերել հնարավոր է նաև nla.am կայքում նախապես լրացնելով առցանց գրանցման հայտը։ Աշխատակիցը մինչ ընթերցողի գրադարան գալը գրանցում է նրան համակարգում, պատասխան նամակով ուղարկում անհրաժեշտ տեղեկությունը և պատվերի ուղեցույցը։ Ընթերցողը նախապես կարող է պատվիրել գրականությունը առցանց, այնուհետև գալ գրադարան, ստանալ քարտը գրանցման ենթաբաժնում և գնալ ընթերցասրահ՝ պատվիրած գրականությունն ընթերցելու։
3.1. ՕԳՏԱԳՈՐԾՎՈՒՄ Է.
3.2 ԽՍՏԻՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է՝
Ծանոթություն. – Գրադարանում գրանցվող այցելուին ընթերցողական քարտը տրվում է անվճար։ Ընթերցողական քարտը կորցնելու կամ փչացնելու դեպքում ընթերցողը պարտավոր է հայտնել գրադարանի ընթերցողների գրանցման և բաժնույթների ենթաբաժնի աշխատակցին: Ընթերցողական քարտը կորցնելու դեպքում այն վերականգնելու համար ընթերցողն առաջին անգամ վճարում է տուգանք՝ 1000 դրամ, յուրաքանչյուր հաջորդ դեպքում՝ 3000 դրամ։
4.1. Իրականացվում է գրադարանի սպասարկման բաժնի ընթերցասրահներում՝
* Գիտական և ընթացիկ մամուլի ընթերցասրահ,
* Ընդհանուր ընթերցասրահ,
* «Արև» կույր և տեսողական խնդիրներ ունեցող ընթերցողների ընթերցասրահ,
* Սեղմագրերի և ատենախոսությունների ընթերցասրահ,
* Ընթերցողների գրանցման և բաժնույթների ենթաբաժին,
* Համակարգչային ընթերցասրահ,
4.2. Ֆոնդապահ այլ ստորաբաժանումներում՝
* Արվեստի գրականության և ոչ գրքային հրատարակությունների բաժին,
* Նոտային-երաժշտական գրականության ենթաբաժին,
* Անձեռնմխելի գրականության բաժին,
* Մատենագիտության և գրադարանագիտության բաժին։
5.1. Անհրաժեշտ գրականությունը ստանալու համար ընթերցողը լրացնում է այն ընթերցասրահի պատվիրաթերթիկը, որից ինքը օգտվում է: Պատվիրաթերթիկն անհրաժեշտ է լրացնել պարզ, ընթեռնելի և այն լեզվով, որով հրատարակված է տվյալ միավորը:
5.2. Սպասարկվող յուրաքանչյուր միավորի համար լրացվում է մեկական պատվիրաթերթիկ:
5.3. Ընթերցողը լրացված պատվիրաթերթիկը ընթերցողական քարտի հետ ներկայացնում է ընթերցողների գրանցման և բաժնույթների ենթաբաժնի աշխատակցին՝ պատվիրաթերթիկի ճշտությունը ստուգելու և պահանջած գրականության սպասարկման ժամն իմանալու համար:
5.4. Ընթերցողը կարող է օգտվել էլեկտրոնային համահավաք գրացուցակից և կատարել էլեկտրոնային պատվեր՝ օգտագործելով գրանցման ժամանակ իր համար բացված առցանց հաշիվը, իրեն տրված ուղեցույցը և գաղտնաբառը:
5.5. Պատվիրված գրականությունը ընթերցողը ստանում է համապատասխան ընթերցասրահում:
5.6. Գրապահոցից սպասարկված միավորները գիտական ընթերցասրահում պահվում են 30 օր, իսկ ընդհանուր և ընթացիկ մամուլի ընթերցասրահներում՝ 15 օր:
Ծանոթություն.
* պատվիրված միավորի սահմանված ժամկետը լրանալուց հետո, եթե ընթերցողը ցանկանում է շարունակել տվյալ միավորներից օգտվելը, ապա կատարում է նոր պատվեր և այդ մասին տեղյակ պահում ընթերցասրահի աշխատակցին:
* եթե ընթերցողը պատվիրած գրականության օգտագործումն ավարտում է ժամկետից շուտ, հայտնում է ընթերցավարին՝ այն գրապահոց վերադարձնելու համար:
5.7. Գրապահոցից դուրս տրված գրականությունից օգտվելու իրավունքը առաջին հերթին վերապահվում է այն պատվիրողին, այնուհետև սպասարկվում է ընդհանուր կարգով:
5.8. Ընթերցողը համապատասխան գրականություն ստանալու համար ընթերցասրահի աշխատակցին է ներկայացնում ընթերցողական քարտը, ապա ստանում է գրականությունը:
5.9. Ընթերցողը պատվիրված միավորը ստանալիս պարտավոր է ստուգել այն և թերությունների (պակաս էջեր, նկարներ, ընդգծումներ, նշումներ լուսանցքներում և այլն) մասին հայտնել ընթերցասրահի աշխատակցին: Հակառակ դեպքում վերադարձի ժամանակ հայտնաբերված թերությունների համար կրում է պատասխանատվություն:
5.10. Գրականությունից օգտվելուց հետո, ընթերցողը պատվիրած միավորը հանձնում է ընթերցասրահի աշխատակցին, գրադարանավարը ընթերցողին է վերադարձնում ընթերցողական քարտը:
5.11. Սպասարկման բաժնի ընթերցասրահներում չեն սպասարկվում հնատիպ, հազվագյուտ, անձեռնմխելի և արխիվային գրականությունը, կերպարվեստի նյութերը, մեծարժեք շքեղ հրատարակությունները, քարտեզները, նոտաները: Վերոհիշյալ նյութերը սպասարկում են համապատասխան բաժինների ընթերցասրահներում:
6.1. Ընթերցողական քարտն ուրիշին տալը, այլ նպատակով օգտագործելը, ուրիշի քարտով գրադարան մուտք գործելը, գրադարանի ծառայություններից օգտվելը, քարտի արտաքին տեսքը խաթարելը՝ փոփոխություններ, լրացումներ, նշումներ անելը, ծալելը, կտրելը,
6.2. Գրադարանից և ընթերցասրահներից գրքեր, տպագիր արտադրանք և էլեկտրոնային կրիչներ դուրս բերելը,
6.3. Տպագիր փաստաթղթի էջերը ծալելը, նշումներ և ընդգծումներ անելը գրքի էջերում, տպագիր փաստաթղթի մեջ զանազան իրեր դնելը, խոնավ կամ ոչ մաքուր մատներով էջերը թերթելը,
6.4. Տպագիր գրացուցակի քարտերը հանելը կամ տեղափոխելը և նշումներ անելը քարտերի վրա,
6.5. Ընթերցողների սպասարկման համար հատկացված համակարգիչներում ծրագրային կամ համակարգային փոփոխություններ կատարելը, արտաքին հիշողության կրիչներ միացնելը,
6.6. Գրադարանում հայտարարություններ, գովազդային բնույթի և այլ տարատեսակ փաստաթղթային նյութեր փակցնելը, առևտրով զբաղվելը,
6.7. Գրադարանի տարածքում և ընթերցասրահներում անցկացնել դասախոսություններ, դասեր, շրջայցեր, նկարահանումներ և այլն առանց գրադարանի ղեկավարության թույլտվության։
6.8. Խմբային պարապմունքներ անցկացնելը, բարձրաձայն խոսելը, բարձրաձայն ընթերցանությունը, աղմուկ առաջացնող ցանկացած այլ գործողություն կատարելը ընթերցասրահներում, հասարակական կարգը խախտելը,
6.9. Գրադարանի աշխատակիցներին և օգտվողներին վիրավորելը կամ անախորժություններ պատճառելը,
6.10. Ընթերցողի կողմից այլ ընթերցողներին նկատողություն անելը. որևէ խնդրի դեպքում դիմել միայն աշխատակիցներին,
6.11. Ընթերցասրահում սնվելը և տարատեսակ հեղուկներ օգտագործելը (սնվել թույլատրվում է միայն դրա համար հատկացված վայրում, հեղուկներից թույլատրվում է միայն ջուր),
6.12. Գրադարանի ծառայողական տարածքներ մուտք գործելը,
6.13. Գրադարանի գույքը, շենքը, տարածքը աղտոտելը, փչացնելը, վնասելը, ցուցահանդեսային ցուցափեղկերին իրեր դնելը, հենվելը, պատուհանագոգերին նստելը,
6.14. Գրադարանի տարածքում գտնվելը այցելուների սպասարկման ժամերից դուրս,
6.15. Գրադարանի տարածք կենդանիների հետ մուտք գործելը (բացառությամն հաշմանդամություն ունեցող անձանց ուղեկցորդ շների),
6.16. Ծխելը գրադարանի շենքում, շինություններում և բակում: Գրադարանի տարածքում ծխող ընթերցողների ընթերցողական քարտն արգելափակվում է, և ընթերցողը ենթարկվում է պատասխանատվության՝ համաձայն «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Առողջապահության նախարարի 27.05.2020թ. 14-Ն հրամանի,
6.17. Անվայելուչ տեսքով՝ պատռված հագուստով, բոբիկ, կիսամերկ / առանց հագուստի, ակնհայտ հակասանիտարահիգիենիկ և անսթափ վիճակում գրադարան մտնելը,
6.18. Ցանկացած տեսակի ոգելից խմիչք և թմրանյութ գրադարանի տարածք բերելը,
6.19. Գրադարանի տարածք բերելը ցանկացած տեսակի ռազմամթերք, թմրանյութ, սառը զենք (շեղբավոր և նետողական դանակներ, սրեր, դաշույններ և այլն), ազդանշանային, գազային, անփող, օդաճնշիչ զենք, ցանկացած տեսակի հրազեն, փամփուշտ և այլ վտանգավոր նյութեր և իրեր, որոնք կարող են վնաս հասցնել գրադարանի աշխատակիցներին և այցելուներին, ինչպես նաև գրադարանում գտնվող նյութերին և մշակութային արժեքներին,
6.20. Անձնական իրերն ընթերցասրահներում, գրադարանի տարածքում թողնելը (աշխատակիցները պատասխանատվություն չեն կրում դրանց կորստի կամ վնասվելու համար),
6.21. Նշված սահմանափակումները խախտելու դեպքում առաջին անգամ կատարվում է բանավոր նախազգուշացում, երկրորդ անգամ ընթերցողի ընթերցողական քարտն արգելափակվում է՝ համաձայն 7.4 կետի,
6.22. Խախտել վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքը, որի դեպքում ընթերցողը կենթարկվի պատասխանատվության համապատասխան օրենքի համաձայն։
Սույն կանոնները խախտելու և գրադարանին նյութական և բարոյական վնաս պատճառելու դեպքում օգտվողները կրում են վարչական, նյութական և քրեական պատասխանատվություն:
7.1. Անփույթ վերաբերմունքի հետևանքով տպագիր միավորը փչացրած, աղճատած ընթերցողը պարտավոր է այն փոխարինել միևնույն հրատարակությամբ:
7.2. Գրադարանի գույքը և սարքավորումները փչացրած ընթերցողները վճարում են դրանց վերականգնման համար անհրաժեշտ ամբողջ գումարը:
7.3. Միտումնավոր փչացրած գրականության համար ընթերցողը ենթարկվում է քրեական պատասխանատվության:
7.4. Հայաստանի ազգային գրադարանում սահմանված կարգը խախտելու դեպքում ընթերցողի ընթերցողական քարտն արգելափակվում է՝ տնօրինության որոշած ժամկետով:
8.1. Ընդհանուր, գիտական և ընթացիկ մամուլի ընթերցասրահները բաց են՝
երկուշաբթի-ուրբաթ 09։00 – 21։00
շաբաթ 09։00 – 20։00
կիրակի 09։00 - 17։00
8.2. Սեղմագրերի և ատենախոսությունների ընթերցասրահ
երկուշաբթի-ուրբաթ 09։00 – 17։30
8.3. Ընթերցողների գրանցման և բաժնույթների ենթաբաժին
երկուշաբթի-ուրբաթ 09։00 – 17։30
շաբաթ 09։00 – 17։00
փակ է կիրակի
8.4. Գրադարանի մյուս բաժինների ընթերցասրահները
երկուշաբթի-ուրբաթ 09։00 – 17։30
փակ են հանգստյան օրերին