ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար


ՀԱՄԱՌՈՏ ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ

 

Հայաստանի Ազգային գրադարանը (ՀԱԳ) հայկական տպագիր արտադրանքի աշխարհում խոշորագույն պահոցն է, ինչպես նաև ազգային գրադարանագիտության կենտրոնը։ Իբրև գիտակրթական, մշակութային և տեղեկատվական հաստատություն, ՀԱԳ-ը ստեղծում է հայ տպագիր մշակութային ժառանգության հավաքագրման, մշակման, պահպանման և տարածման անհրաժեշտ պայմանները։ ՀԱԳ-ը ազգային մատենագիտական կենտրոն է և իրականացնում է Հայաստանի Գրապալատի գործառույթը։     
Ազգային գրադարանի ֆոնդերը ձևավորվել են երևելի պետական, հասարակական և մշակույթի գործիչների անձնական գրադարանների, ինչպես նաև կրթական ու ուսումնական հիմնարկությունների նվիրատվությունների հիման վրա։     

Գրադարանն ունի հարուստ ֆոնդ բազմազան հավաքածուներից (ձեռագրեր, գրքեր, հանդեսներ, պարբերականներ, ատենախոսություններ ու սեղմագրեր, ոչ գրքային հրատարակություններ և այլն)․ հատկապես առանձնանում են առաջին հայերեն տպագիր գիրքը՝ «Ուրբաթագիրքը» (Վենետիկ, 1512թ․), առաջին հայ պարբերականը՝ «Ազդարարը» (Մադրաս, 1794-1796թթ․) և հայերեն լեզվով առաջին տպագիր քարտեզը՝ «Համատարած աշխարհացույցը» (Ամստերդամ, 1695թ․)։ 2012 թվից ՀԱԳ-ի եզակի հավաքածուները հանրությանը հասանելի դարձնելու համար որդեգրվել է ֆոնդերը թվայնացնելու ռազմավարություն։ Այսօր հայկական գրքի ու պարբերական արտադրանքի էլեկտրոնային հավաքածուները կազմում են թվայնացված տասնյակ միլիոնավոր էջեր։    
ՀԱԳ-ի պատմության սկիզբը ընդունված է համարել 1832 թվականը, երբ հիմնադրվեց Երևանի արական գիմնազիան, որի հավաքածուի (18․000 միավոր) հիման վրա ձևավորվեց Հայաստանի Ազգային գրադարանը։ 1919 թվականի հուլիսի 4-ին ընդունվեց «Հայաստանի Հանրապետության պետական-հանրային մատենադարանի մասին» ՀՀ օրենքը, որով պետական-մատենադարան-գրադարանն անցավ ՀՀ հանրային կրթության և արվեստի մինիստրության իրավասության տակ։ Որոշում ընդունվեց հուլիսի 4-ը նշել որպես Հայաստանի Ազգային գրադարանի օր։ 2019 թվին լրացավ հիշյալ օրենքի ընդունման 100 ամյակը։     
Գրադարանը զբաղեցնում է չորս մասնաշենք․ ամենահինը՝ գլխավոր մասնաշենքը, կառուցվել է 1939 թվին՝ ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի նախագծով։ Շենքն ունի առանձնահատուկ տարածաճարտարապետական ոճ․ հայկական ճարտարապետության միջնադարյան եզակիության սկզբունքը նոր մեկնաբանում ու որակ ստացավ՝ հաստատվելով որպես «թամանյանական ոճ»։ Գրադարանի գլխավոր մասնաշենքն ունի պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ։     
2017 թվականին Հայաստանի Ազգային գրադարանում բացվեց Գրատպության թանգարան, որտեղ գրահրատարակության պատմությունը ներկայացված է վեց դահլիճներում․ Գրի ակունքներ, Հայոց Այբուբեն, Հայ գրատպագրության առաջնեկներ, Հայկական գրատպության սփյուռք, Գրահրատարակչություն և Գրի հավերժություն։ Որպես ցուցանմուշ թանգարանում ներկայացված են հազվագյուտ գրքեր, գրքի տպագրական մեքենաներ, եզակի կլիշեներ և այլն։    
Հայաստանի Ազգային գրադարանը համագործակցում է աշխարհի բազմաթիվ ազգային և առաջավոր գրադարանների հետ։ Միջազգային գրափոխանակության միջոցով ՀԱԳ-ի հավաքածունները ամեն տարի համալրվում են համաշխարհային գրականության նմուշներով։ Գրադարանը համագործակցում է Հայաստանում հավատարմագրված դեսպանությունների, միջազգային կազմակերպությունների, հայկական սփյուռքի ներկայացուցչությունների հետ՝ նպաստելով հայկական տպագիր մշակութային ժառանգության աշխարհով մեկ տարածմանը։
nla-about.jpg
 

 

ԱՅԼ ԲԱԺԻՆՆԵՐ

Homepage middle 1
Homepage middle 2
Homepage middle 3