Հեռախոսահամար
հնվ 15, 2026 Նորություններ Նվիրատվություններ

2026 թվականը Հայաստանի ազգային գրադարանում մեկնարկում է արժեքավոր և խորհրդանշական նվիրատվությամբ։ Տարվա առաջին հայագիտական համալրումը՝ «Վահան Տերյան և Պողոս Մակինցյան. Նամակագրական ժառանգություն» ժողովածուն գրադարանին է նվիրել գրքի կազմողը՝ դաշնակահարուհի Կարինե Ավակյանցը՝ գրական-հասարակական գործիչ Պողոս Մակինցյանի թոռնուհին։
«Ваан Терян и Погос Макинцян. Эпистолярное наследие» գիրքը լույս է տեսել Մոսկվայում 2025 թվականին՝ մոտ հինգ տարվա հետևողական և մանրակրկիտ աշխատանքի արդյունքում։ Այն ներառում է Վահան Տերյանի և Պողոս Մակինցյանի նամակագրությունը՝ 1901-1918 թվականներին։ Գրքում զետեղված նամակները Պողոս Մակինցյանի ժառանգության մաս են կազմում. Երկար ժամանակ պահպանվել են ընտանեկան արխիվում և մինչ այժմ չեն հրապարակվել։
Նամակները ոչ միայն բացահայտում են Վահան Տերյանի և Պողոս Մակինցյանի ընկերությունն ու մտավոր կապը, այլև արժեքավոր տեղեկություններ են հաղորդում 20-րդ դարասկզբի հայ գրական, մշակութային և հասարակական կյանքի մասին։ Դրանք լրացնում են երկու նշանավոր մտավորականների կենսագրության քիչ ուսումնասիրված էջերը և կարևոր սկզբնաղբյուր են գրականագիտական ու պատմական ուսումնասիրությունների համար։
Նախաբանում կազմողը նշում է, որ նամակները ներկայացվում են հնարավորինս բնագրին մոտ՝ պահպանելով լեզվական, ուղղագրական և շարահյուսական առանձնահատկությունները։ Հատուկ ուշադրություն է դարձվել մինչև 1922 թվականը կիրառվող դասական հայերեն ուղղագրությանը, ինչպես նաև այն փաստին, որ հեղինակները հաճախ ազատ են մոտեցել այդ կանոններին։ Տեքստում չեն ուղղվել լեզվական «անհարթությունները», քանի որ դրանք նույնպես ժամանակի և անհատական մտածողության վկայություններ են։
