Հեռախոսահամար
հկտ 05, 2026 Նորություններ Նվիրատվություններ

Օրերս Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը հյուրընկալել է սիրիահայ մտավորական, հետազոտող, Համազգայինի Հայագիտական հիմնարկի դասախոս Աւօ (Ավետիս) Գաթրճեանին Avo Avedis Katerjian։ Հանդիպմանը Աւօ Գաթրճեանը Հայաստանի ազգային գրադարանին է նվիրել իր վերջերս հրատարակված «Սուրիահայ պարբերական մամուլի մատենագիտութիւն (1912–2026 թթ.)» մենագրությունը։ Արևելագիտության ինստիտուտի գիտական խորհրդի որոշմամբ և Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամի դրամաշնորհով հրատարակված աշխատությունը հեղինակի տասնամյակների հետևողական հետազոտության և դաշտային աշխատանքի արդյունքն է։
Մենագրությունն ունի կարևոր գիտական, մատենագիտական և պատմամշակութային նշանակություն։ Գրքում ներառված են 228 թերթ և պարբերական, որոնցից 111-ը հեղինակի կողմից փրկվել են մոռացությունից և դրվել գիտական շրջանառության մեջ։ Աշխատությունը արժեքավոր աղբյուր է ոչ միայն սիրիահայ համայնքի և հայկական սփյուռքի մտավոր ու մշակութային կյանքի, այլև հայ մամուլի պատմության ուսումնասիրության համար։ Այն հնարավորություն է տալիս ամբողջական պատկերացում կազմելու Սիրիայում հայկական պարբերական մամուլի ձևավորման, զարգացման և բովանդակային առանձնահատկությունների մասին։ Մատենագիտության մեջ ներկայացված են պարբերականների վերաբերյալ հիմնական տեղեկությունները՝ դրանց հրատարակության ժամանակագրությունը, խմբագիրները, թղթակիցներն ու հոդվածագիրները, աշխատակազմերը և մամուլի ստեղծման գործընթացին առնչվող այլ մանրամասներ։ Այսպիսով, գիրքը փաստագրում է սիրիահայ մամուլի ոչ միայն հայտնի, այլև քիչ ուսումնասիրված ու մոռացության մատնված էջերը։
Մենագրության խմբագիրն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Խառատյանը, պատասխանատու խմբագիրը՝ պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արաքս Փաշայանը։ Աշխատությունը շուտով հասանելի կլինի Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողներին։
