ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի գրքային քարտեզ | հոկտեմբեր

նմբ 05, 2024 Նորություններ Հայաստանյան տասնյակ

արևելահայերեն հոկտեմբեր 2024

 

Հանրապետության հանրային գրադարաններում ամենապահանջարկված գեղարվեստական գրքերի հոկտեմբեր ամսվա տասնյակի կազմմանը մասնակցել են 14 գրադարան և 2 գրադարանային համակարգ։ Գրադարանների համադրված միացյալ ցուցակում 125 անուն գիրք կա: Հետաքրքիր է, որ ամենաշատ սպասարկված գրքերի տասնյակում 1-5 տեղերը հայ գրողներ են, 6-10-ը՝ արտասահմանյան:

Դասական հեղինակների և ուսումնական ծրագրերով հանձնարարվող գրականությանը զուգահեռ ցուցակում նոր հեղինակներ և գործեր կան (Դավիթ Սամվելյան. «Ռոդենի ձմեռը», Ժոել Դիկեր. «Ճշմարտությունը Հարի Քվեբերտի գործի մասին», Իսաբել Ալյենդե. «Ոգիների տունը», Նիթա Փրոուզ, «Աղախինը» և այլն)։ Գրադարաններում շարունակվում է Ագաթա Քրիստիի քրեավեպերի հաղթարշավը, որն ամենաընթերցվող հեղինակն է (11 գրքով), իսկ Ալեքս Մայքլիդիսը, Աշոտ Աղաբաբյանը, Գոհար Նավասարդյանը, Գրիգոր Քեշիշյան, Էլիֆ Շաֆաքը, Ռեմարկը, Մարկ Արենը, Նիկոլաս Սփարքսը, Ռուբեն Եսայանը, Րաֆֆին, Քարեն Մակմանուսը, Օրհան Փամուքը և ուրիշներ ցուցակում երկու և ավելի գիրք ունեն։

Միջին և ավագ դպրոցական տարիքի երեխաները գրադարանների մանկական բաժիններում շատ են կարդում Վախթանգ Անանյանի «Հովազաձորի գերիները», Ֆրենսիս Հոջսոն Բրնեթի «Խորհրդավոր պարտեզը», Ջոան Ռոուլինգի «Հարրի Փոթերը և փիլիսոփայական քարը», Սերո Խանզադյանի «Քարանձավի բնակիչները»։ Կրտսեր տարիքի դպրոցականների շրջանում մշտապես մեծ պահանջարկ ունեն հայ դասականներ Ղազարոս Աղայանը և Հովհաննես Թումանյանը, անգլիացի մանկագիր Ռոլադ Դալը, ժամանակակից մանկագիրներ Նունե Սարգսյանը և Նարինե Աբգարյանը։

Մանկական գրականության ընթերցանության մասին հետաքրքիր դիտարկում է արել Կոտայքի մարզային գրադարանի տնօրենը: Նա գրում է, որ «...համընդհանուր ներառման շրջանակներում մեծ տեղ ունեն մեկ շնչով ընթերցվող պատմությունները՝ ոչ սովորական երեխաների, նրանց հարաբերությունների մասին»։ Վաղուց հայտնի է, որ գեղարվեստական գիրքը կարող է «քնից արթնանալ» և կրկին ընթերցողական պահանջարկ ունենալ։ Նման զարմանալի արթնացում ենք տեսնում Հովսեփ Վարդանյանի՝ առաջին անգամ 1851 թվականին Կ.Պոլսում հայատառ թուրքերեն հրատարակված «Ագապի» վեպի պարագայում, որի «Բուկինիստ» հրատարակչության կողմից հայերեն լույս ընծայված հատորը գրադարաններում ձեռքից ձեռք է անցնում։ 1991 թվականին ավստրիացի թուրքագետ Անդրեաս Թիեթզը, հայատառ թուրքերենը վերածելով լատինատառի, կրկին հրատարակել է վեպը` այն անվանելով Թուրքիայում գրված և տպագրված առաջին ժամանակակից վեպը։