Հեռախոսահամար
դկտ 10, 2025 Նորություններ Նվիրատվություններ

Հայաստանի ազգային գրադարանը համալրվել է երկու արժեքավոր հայագիտական հրատարակություններով։ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» Մատենադարանի մատենադարանապետ, Գերաշնորհ Տեր Շահան Արքեպիսկոպոս Սարգիսյանը Հայաստանի ազգային գրադարանին նվիրել է «Հասկ» հայագիտական տարեգրքի Նոր Շրջան, ԺԴ (2024–2025) թիվ հատորը։ Հայագիտական բարձրարժեք ուսումնասիրություններ ընդգրկող այս ծավալուն (647 էջ) հրատարակությունը լույս է տեսել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի օրհնությամբ և խմբագրվել է Գերաշնորհ Տեր Շահան ԱրքեպիսկոպոսՍրբազանի կողմից։
Տարեգիրքը ներառում է Հայաստանի և Սփյուռքի հայագետների 25 գիտական ուսումնասիրություններ, որոնք խմբված են հետևյալ թեմատիկ բաժիններով՝
•Նիկեայի Ա տիեզերական ժողով 1700-ամյակ
• Հայոց ցեղասպանության 110-ամյակ,
• Մատենագրություն, արխիվ և պատմություն,
• Երաժշտական ավանդույթներ ու հարցադրումներ։
Տարեգրքի նոր հատորը նվիրված է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսի հայրապետական գահակալության 30-ամյակին և ընդգծում է Կաթողիկոսության բազմաշերտ հայագիտական առաքելությունը։ Մյուս արժեքավոր հրատարակությունը Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Սրբազնագոյն Վեհափառ Հայրապետի գահակալության 30 տարիների առաքելական գործունեությանը նվիրված պատկերագիրքն է։Երկլեզու (հայերեն, անգլերեն) այս ծավալուն աշխատությունը (ավելի քան 400 էջ) ներկայացնում է Վեհափառի գործունեության առանցքային ոլորտները։
Հատորում տեղ են գտել՝
• ընտրված պատկերներ՝ ուղեկցված հակիրճ տեղեկություններով,
• կարևոր նախաձեռնությունների ու իրադարձությունների հիշատակումներ,
• Վեհափառ Հայրապետի պատգամներից մեջբերումներ։
Պատկերագիրքն ընդգծում է Արամ Ա Կաթողիկոսի առաջնորդության առանձնահատկությունները՝ ներկայացնելով ինչպես նրա անձնուրաց ծառայությունը, այնպես էլ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության համազգային առաքելության հիմնարար ուղղությունները։ Հրատարակությունները շուտով հասանելի կլինեն ՀԱԳ ընթերցողներին։
