Հեռախոսահամար
մյս 29, 2025 Նորություններ Միջոցառումներ Գրական հանդիպումներ
«Հայաստանն իմ սիրո երկիրն է»,- ասում է Կալլե Կասպերը։ Էստոնացի գրողը լինելով հայուհու՝ երջանկահիշատակ գրող, բանաստեղծ, արձակագիր Գոհար Մարկոսյան-Կասպերի ամուսինը, գրել է հայուհիների մասին։ Հայ կինը դարերի ընթացքում հղկված գոհար է: Հայուհի հեշտ ու հանգիստ չեն դառնում, նրանք բազմաթիվ սերունդների դաստիարակության արգասիքն են: Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ էստոնացի գրող Կալլե Կասպերի «Հայուհիները» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Միջոցառման բացման խոսքով հանդես եկավ ՀԱԳ տնօրեն Աննա Չուլյանը, ով ողջունեց հյուրերին և խոսեց հայ-էստոնական մշակութային ու գրական կապերի կարևորության մասին։
Շնորհանդեսին ներկա էր և խոսք ասաց Էստոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Մարգ Մարդիսալու-Կահարը ՝ ընդգծելով նման նախաձեռնությունների խթանող դերը երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման գործում։ Հաջորդիվ Էստոնական գրականության հայերեն թարգմանությունների կարևորության մասին խոսեց Հայաստանում Էստոնիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Ավետիք Ղուկասյանը։ Գրքի թարգմանության մասին մանրամասն խոսեց և հայերեն հատված ընթերցեց գրքի հայերեն թարգմանության հեղինակ Կարինե Խոդիկյանը։ Իր ելույթով հանդես եկավ նաև «Հայուհիներ» գրքի իտալերեն թարգմանության հեղինակ Ստեֆանո Բերտոլետտին, ով առաջին անգամ էր այցելել Հայաստան։ Նա կարդաց գրքից հատված՝ իտալերենով։
Գրքի անգլերեն թարգմանության հեղինակ, բգթ Արծվի Բախչինյանը ևս խոսեց գրքի կարևորության, հանդիպման` Ազգային գրադարանում անցկացման խորհրդանշական լինելու մասին։ Միջոցառմանը ներկա էր նաև գրքի հրատարակիչ՝ «Հայաստան» հրատարակչության տնօրեն, բգթ Վահագն Սարգսյանը, ով խոսեց գրքի հայաստանյան հրատարակության կարևորության մասին։ Շնորհանդեսի ավարտին ծավալվեց հետաքրքիր և բովանդակալից քննարկում գրողի և միջոցառման մասնակիցների միջև։ Կալլե Կասպերի «Հայուհներ» գիրքը արդեն հասանելի է Հայաստանի ազգային գրադարանում։ https://is.gd/BtxtO7 Ավելին՝ Արծվի Բախչինյանի հոդված-հարցազրույցում https://is.gd/pLBr07 Լուսանկարներ՝ https://flic.kr/s/aHBqjCfSaA