Հեռախոսահամար
հնս 06, 2024 Նորություններ Հայաստանյան տասնյակ
Հայաստանի մարզային և քաղաքային գրադարանների մայիսին առավել հաճախ սպասարկված գեղարվեստական գրքերի առաջատար տասնյակում յոթ հայ (Րաֆֆի, Աշոտ Աղաբաբյան, Ալեքսանդր Շիրվանզադե, Ստեփան Զորյան, Մուրացան, Ակսել Բակունց, Վահան Թոթովենց) և երկու արտասահմանյան (Ալեքս Մայքլիդիս, Դաթո Տուրաշվիլի) գրող կա:
Կիպրական ծագմամբ բրիտանացի գրող Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» հոգեբանական թրիլերը 2019թ. փետրվարին լույս ընծայումից հետո զբաղեցրելէ Amazon.com-ում ամենից շատ վաճառված գեղարվեստական գրքերի ցուցակի 2-րդ հորիզոնականը: Վեպի հայերեն թարգմանությունը Նյումեգ հրատարակչության կողմից հրատարակվելուց ի վեր կայուն տեղ է զբաղեցնում գրադարանների առավել ընթերցված գրքերի թոփ տասնյակներում: «Լռակյաց հիվանդը» մայիսին ցուցակի կազմման մասնակից ավելի քան 20 գրադարանների ներկայացրած սպասարկման տվյալներով գլխավորում է մայիսյան թոփ տասնյակը:
Րաֆֆու «Սամվել», Շիրվանզադեի «Քաոս», Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», Ստեփան Զորյանի «Մի կյանքի պատմություն», Վահան Թոթովենցի «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» վեպերը գրադարանների մայիսյան տասնյակներում են և կայուն ընթերցողական պահանջարկ ունեն:
Թեև համադրված ցուցանիշներով Ագաթա Քրիստիի վեպերից որևէ մեկը առաջատար տասնյակ չի անցել, սակայն դետեկտիվի թագուհու գրքերը շարունակում են բարձր տեղեր զբաղեցնել թոփ տասնյակներում հիմնականում նոր թարգմանությունների շնորհիվ։ Նրա ավելի վաղ հրատարակությունները («Սպանություն արևելյան ճեպընթացում», «Սպանություն գոլֆի դաշտում», «Էնդհաուզի առեղծվածը և այլն) այլևս հազվադեպ են հանդիպում գրադարանների ցուցակներում։ Ամեն դեպքում Ագաթա Քրիստիի վեպերը և վիպակները շարունակում են գլխավորել Արարատի և Արմավիրի մարզային գրադարանների տասնյակները:
Սիրված գրող Էրիխ Մարիա Ռեմարկը նույնպես պահանջարկված հեղինակների ցուցակում է հիմնականում իր վերջին «Երկինքն ընտրյալներ չունի» թարգմանված վեպով։ Ժամանակակից հայ հեղինակներից ներկայումս բարձր ընթերցողական պահանջարկ ունեն Աշոտ Աղաբաբյանի «Հովազ 1» և «Հովազ 2» վեպերը, իսկ նրա «Մենակը» Գեղարքունիքի մարզային գրադարանում մայիսին ամենաշատ սպասարկված գիրքն է եղել: