Հեռախոսահամար
հկտ 10, 2023 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ
«Հայոց լեզուն դժվար լեզու է. ունենք գրաբար, միջին հայերեն, արևմտահայերեն, արևելահայերեն, ժողովրդախոսակցական լեզու, ոչ թե փողոցի՝ գռեհիկ, այլ ժողովրդախոսակցակա՛ն լեզու, և թարգմանիչը պիտի դարձվածաբանություն իմանա, իմանա, թե ամեն մի դարձվածքի, արտահայտության փոխարեն համապատասխանաբար ինչ պետք է թարգմանի»։ Անդրադառնալով թարգմանությունների լեզվին՝ շեշտեց Ազգային գրադարանի «Զրույց թարգմանական գրականության շուրջ» հանրային դասախոսության բանախոսը՝ Երվանդ Տեր-Խաչատրյանը։ Հոկտեմբերի 17-ին Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում ճանաչված գրականագետ, արվեստաբան և հրապարակախոս Երվանդ Տեր-Խաչատրյանը խոսեց թարգմանության վրա թարգմանչի թողած ազդեցության, թարգմանչի դերի մասին՝ որպես երկու լեզուների շփման միջնորդի,անդրադարձավ թարգմանական լեզվի ոճական հարցերին։
Բանախոսն ընդգծեց, որ թարգմանիչը պետք է կատարելապես տիրապետի այն լեզվին, որով թարգմանում է. հայերենի դեպքում՝ հայերենին։ Խոսքը համեմելով համաշխարհային մեծություններից բերվող քաղվածքներով և համեմատություներով՝ Երվանդ Տեր-Խաչատրյանն իր ելույթում անդրադարձավ թարգմանական, գրական և լեզվական ընդգրկուն հարցերի։ Տեր-Խաչատրյանի խոսքը երեք հենման կետ ուներ՝ հայոց լեզվի պահպանության խնդիրը, Չարենցի «Գիրք ճանապարհի» գրքի թարգմանական «գաղտնիքները» և Կարպիս Սուրենյանի թարգմանական արձակը, հատկապես, Դոստաևսկու «Կարամազով եղբայրներ» վեպի՝ նրա թարգմանությունը։