Հեռախոսահամար
հլս 03, 2024 Նորություններ Հայաստանյան տասնյակ
Հայաստանի հանրային գրադարաններում հունիսին ամենից շատ սպասարկված գեղարվեստական գրքերի ցուցակում 72 հեղինակ կա։ Հունիսյան ցուցակը շատ նման է մայիսյան ընթերցումներին։ Սպասարկված գրականության մեջ գերակշռում են հայ դասական գրողները և դպրոցական ուսումնական ծրագրային գրականությունը։
Ամենապահանջարկված գեղարվեստական գրքերի առաջատար հնգյակում Րաֆֆու «Խենթը» վեպն է, Գուրգեն Մահարու «Մանկություն, պատանեկություն, երիտասարդության սեմին» ինքնակենսագրականը, Վահան Թոթովենցի գավառական մի քաղաքի կյանքը ներկայացնող անզուգական «Կյանքը հին հռոմեական ճանապարհի վրա» վիպակը, հայ նոր գրականության ազդարար Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» պատմավեպը և Դերենիկ Դեմիրճյանի պատմվածքները։ Արտասահմանյան երեք գրող (Ալեքս Մայքլիդիս, Ջոնաթան Սվիֆթ և Ագաթա Քրիստի) եզրափակում են տասնյակը։
Գրադարանների ընթերցողները ամառային ընթերցանության ժամանակահատվածում նախապատվությունը տվել են Վախթանգ Անանյանի, Ագաթա Քրիստիի, Էրիխ Մարիա Ռեմարկի, Ստեփան Զորյանի, Ռուբեն Եսայանի վեպերին և պատմվածքներին։ Նախորդ ամիսների պես ընթերցողական բարձր պահանջարկ ունեն Ալեքս Մայքլիդիսի գրքերը, որոնցից երկուսը՝ «Ցասում» և «Լռակյաց հիվանդը», գլխավորում են Արարատի և Գեղարքունիքի մարզային գրադարանների տասնյակները։ Անսպասելիորեն երևանյան գրադարաններում առաջատար տեղ է զբաղեցրել 18-րդ դարի անգլիացի գրող, երգիծաբան և հասարակական գործիչ Ջոնաթան Սվիֆտի «Գուլիվերի ճանապարհորդությունը»։ Գուցե ամառային արձակուրդներն են պատճառը և մարդկանց ճամփորդական տրամադրությունները։