Հեռախոսահամար
մրտ 27, 2024 Միջոցառումներ Ցուցահանդեսներ
Հայաստանի ազգային գրադարանը պատասխանատու հանձնառություն ունի գալիք հինգ տարվա ընթացքում ավարտելու Հակոբ Մեղապարտից մինչև մեր ժամանակները աշխարհում լույս տեսած հայերեն և հայատառ գրականության թվայնացումը։ Այդ ծրագրի անչափ կարևոր բաղադրիչը հայ պարբերական մամուլի թվայնացումն է։
«Հայ մամուլ» շտեմարանում «Երեկոյան Երևան» թերթի էլեկտրոնային տարբերակի շնորհանդեսին այսպես սկսեց իր խոսքը Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։Հայ մամուլի բովանդակության թվային հասանելիության ապահովումը նշանակալի հաջողություններ արձանագրեց 2022-ից ի վեր, երբ Ազգային գրադարանը «Պորտմայնդ» ընկերությունից նվեր ստացավ հայերեն թվայնացված տեքստերի նշաճանաչման ծրագիրը։
Նախորդ երկու տարում գրադարանը հանրությանն է ներկայացրել «Մշակ» (Թիֆլիս), «Գարուն», «Գրական թերթ», «Ավանգարդ», «Բազմավեպ» (Վենետիկ), «Հանդես Ամսօրյա» (Վիեննա), «Բագին» (Բեյրութ), «Հայրենիք» (Բոստոն), «Սիօն» (Երուսաղեմ) և շատ այլ պարբերականների ամբողջությամբ թվայնացված և նշաճանաչված շտեմարանները։ Այդ պարբերականներից յուրաքանչյուրը հասանելի է հետազոտողին աշխարհի յուրաքանչյուր անկյունում և մեծապես դյուրացնում է պարբերական մամուլի հետազոտողի աշխատանքը։
«Երեկոյան Երևան» թերթը կանոնավոր լույս է տեսել 1957 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 1999 թվականի հուլիս, որից հետո 2006 և 2008 թվականներին այն վերականգնելու փորձեր են եղել։ 1957-1999 թվականներին թերթը խմբագրել են Աստղիկ Երիցյանը, Բակունց Անանիկյանը, Կառլեն Ազարյանը, Կամո Վարդանյանը, Նորիկ Ենգիբարյանը և ուրիշներ։
Միջոցառմանը «Երեկոյան Երևան» թերթի պատմությունը և անցած ճանապարհը թերթի առանձին համարների և լուսանկարների ուղեկցությամբ ներկայացրեց լրագրող, «Երեկոյան Երևան» թերթի նախկին աշխատակից Արայիկ Մանուկյանը։ Ելույթներ ունեցան և հուշեր պատմեցին թերթի նախկին աշխատակիցներ Խաչիկ Խաչիկյանը, Գագիկ Մինասյանը, Սուսաննա Մարտիրոսյանը, Հրանտ Հակոբյանը։ ԱՄՆ-ից իր գործընկերներին տեսաուղերձ էր հղել Արտաշես Սարգսյանը, Մոսկվայից՝ Ազգանուշ Սերոբյանը։ «Երեկոյան Երևան» թերթի էլեկտրոնային տարբերակին ծանոթացեք հղումով՝ սեղմելով «Կարդալ առցանց» հրահանգը. https://shorturl.at/kIY69: