ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախոսություն | Զավեն Բոյաջյան «Սարոյանը երեկ, այսօր, վաղը»

սպտ 28, 2023 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ

379062770_689031359943592_3870263846461764901_n
 

Հայաստանի ազգային գրադարանը կազմակերպել էր Ուիլյամ Սարոյանի ծննդյան 115-ամյակին նվիրված «Սարոյանը երեկ, այսօր, վաղը» խորագրով հանրային դասախոսություն։ Բանախոսը կինոգետ, թարգմանիչ Զավեն Բոյաջյանն էր։ Նա արժևորեց մեծ գրողի ստեղծագործությունները՝ անդրադառնալով նրա անցյալ ու ներկա թարգմանություններին, խոսեց սփյուռքահայ մամուլում Սարոյանի գրականության նկատմամբ հետաքրքրության, գնահատանքի, ինչպես նաև՝ դրա նվազման պատճառների մասին։ «Մինչ օրս Սարոյանն աշխարհում ամենահայտնի հայազգի գրողն է»,- վստահեցրեց թարգմանիչը՝ նշելով, որ սփյուռքահայ մամուլում Սարոյանի գործերը սկսվել են թարգմանվել 30-ականների երկրորդ կեսից։ Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանին, Սարոյանի՝ հայերեն թարգմանված առաջին գիրքը՝ «Ժամում 60 մղոն» պատմվածքների ժողովածուն, լույս է տեսել 1959 թվականին։ 

379078252_689038886609506_6488078846681054947_n
 

Բոյաջյանի՝ Սարոյանին «ճանաչելը» նույնպես սկսվել է այդ ժողովածուից։ «Շատ հաճախ հնչող հարցերից մեկն է, թե ինչու Սարոյանը, որը բավականին մեծ արձագանք էր առաջացնում 30-40-ականներին, նույնիսկ 50-ականներին և շատ խոստումնալից ու ամենակարևոր գրողներից մեկն էր համարվում, հետզհետե շատ ավելի ու ավելի պաղ ընդունելության արժանացավ և աստիճանաբար մոռացվեց ամերիկյան գրականության մեջ։ Սա շատ բարդ հարց է, և երևի հնարավոր չէ բոլոր տեսանկյուններից պատասխանել»,- ասաց Զավեն Բոյաջյանը՝ շարունակելով. «Սարոյանի թարգմանական ճակատագիրը ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում չէի ասի բարվոք է, որովհետև ռուսները Սարոյանին «հայտնաբերեցին» այն ժամանակ, երբ ընդոնւված էր թարգմանել Ֆոլքներ, Հեմինգուեյ, Սթայնբեք, և Սարոյանը մնաց այդ գրողների ստվերում... Սարոյանն այսօր ավելի շատ մոռացված, կիսամոռացված գրող է հատկապես դրսի աշխարհում, հատկապես նշածս գրողների կողքին»։ Թարգմանչի խոսքով՝ անհրաժեշտություն կար վերստին անդադառնալու Սարոյանին՝ նրա գործերը նորովի թարգմանելու կամ այդ թարգմանությունների շրջանակն ընդլայնելու։ Բանախոսը նշեց, որ «Անտարես» հրատարակչությունը, որը հրատարակել է Սարոյան մատենաշարը և արդեն 9 գիրք լույս ընծայել, թերահավատորեն էր վերաբերում սարոյանական հատուկ մատենաշար ունենալու գաղափարին։ «Շատերը համարում էին, որ Սարոյանն արդեն ճանաչված, յուրացված հեղինակ է և հազիվ թե հետաքրքրության նոր ալիք առաջացնի, բայց երբ գրքերը տպվեցին, և դրանց շուրջ, բառիս բուն իմաստով, ընթերցողական բում առաջացավ, և մի քանի տարի սարոյանական գործերը տարեվերջյան արդյունքներով դարձան «Անտարես»-ի հրատարակած լավագույն գրքերից, մենք հասկացանք, որ Սարոյանի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է»,- ընդգծեց Զավեն Բոյաջյանը։ 

379022992_689032166610178_7257619356322973039_n
 

Բանախոսը շեշտեց. «Սերունդներ են փոխվել, և շատերը նորովի են ընկալում Սարոյանին, ուստի անհրաժեշտություն կա՝ մեր ծանոթությունը Սարոյանի հետ ավելի խորացվի, ընդլայնվի, որովհետև շատերը կարծում են, որ Սարոյանի գործերը սպառվում են տպագրված գործերով, բայց հավատացնում ենք՝ բնավ այդպես չէ»։ Զավեն Բոյաջյանը համոզմունք հայտնեց, որ Սարոյանի բազմաթիվ գործեր շատ կարևոր են հատկապես հայերիս համար, ուստի դրանք պետք է թարգմանվեն։ Նրա կարծիքով, եթե «Սարոյանն այսօր Ամերիկայում կամ արևմուտքում կիսով չափ մոռացված գրող է, ապա դա նշանակում է, որ մենք ավելի շատ այսպես ասած՝ տիրոջ իրավունքով պետք է տեր կանգնենք Սարոյանին և նրա ստեղծած գրականությանը»։ Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ ցուցասրահում բացվել է նաև Սարոյանի ստեղծագործությունների, նրա վերաբերյալ գրականության և ոչ գրքային հրատարակությունների, մասնավորապես, բացառիկ ֆոտոալբոմների ցուցադրությունը։ Ներկայացված են գրողի առաջին «Խիզախ պատանին թռչող ճոճաձողին» գրքի՝ 1934թ. առաջին հրատարակությունից մինչև 1979-ին նրա կենդանության օրոք լույս տեսած վերջին գիրքը, անգլերեն բազմաթիվ այլ բնօրինակ արժեքավոր հրատարակություններ, «Մարդկային կատակերգություն» մյուզիքլի լիբրետոն՝ բացառիկ մի հրատարակություն, Սարոյանի գրքերի գերմաներեն, ֆրանսերեն, թուրքերեն, ռումիներեն, լատվիերեն, ռուսերեն թարգմանությունները, գրողի ինքնագրով գրքեր, նրա նամակները և շատ այլ նյութեր։ Հավելենք, որ ցուցադրությունը կգործի մինչև սեպտեմբերի 25-ը։

379299593_689032173276844_1114840341690390932_n