ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախոսություն | Սամվել Պողոսյան «Որոգայթ փառաց - 250»

օգս 14, 2023 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ

samvel-poghosyan-1.jpg

Հայաստանի ազգային գրադարանը Թանգարանների միջազգային օրը հայերեն առաջին տպագիր սահմանադրության՝ «Որոգայթ փառաց»-ի 250-ամյակին նվիրված հանրային դասախոսություն էր կազմակերպել։  
Բանախոսը՝ ՀՊՄՀ պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պողոսյանը, խոսեց հնդկահայ հասարակական-քաղաքական գործիչ Շահամիր Շահամիրյանի, նրա որդու՝ Հակոբ Շահամիրյանի, հայ ազատագրական պայքարի գործիչ Հովսեփ Էմինի, Մադրասի խմբակի մյուս անդամների ազգանվեր գործունեության մասին։  
Սամվել Պողոսյանն անդրադարձավ աշխարհում առաջին սահմանադրական նախագծի՝ «Որոգայթ փառաց»-ի («Գիրք անուանեալ Որոգայթ փառաց») ստեղծման նախադրյալներին։ 
Մանրամասն ուսումնասիրելով հայ ժողովրդի անցած ուղին, կրած պարտությոնները՝ հայ լուսավորիչները եզրակացրել էին, որ դրանց հիմնական պատճառը հայ ազգի տգիտությունն ու անմիաբանությունն է: Լուսավորիչները համոզված էին, որ հայերը օտար գերությունից կարող են ազատագրվել միայն քաղաքական անկախության, սեփական ազգային պետություն ստեղծելու միջոցով «ձեզ համար ընտրեք բարի օրենքներ` ապրելով ու կախման մեջ մնալով ձեր օրենքներից, քանզի ոչ ոք իրավունք չպիտի ունենա իշխելու ձեզ, բացի ձեր օրենքներից»։ 
«Որոգայթ Փառաց»-ը՝ Մադրասի խմբակի ծրագրային երկը, հայ իրավունքի կարևորագույն փաստաթղթերից մեկն է, որտեղ առաջին անգամ Հայաստանի իրականության մեջ ներկայացվում է սահմանադրական իրավունքի նորմերի ամբողջական և կանոնակարգված համակարգ՝ ընդհանրացնելով հայ և համաշխարհային հասարակական միտքը, ինչպես նաև պետական նոր մտածողության սկիզբ դնելով։ 

Audience_1-1

«Որոգայթ փառաց»-ն ընդհանրապես, այսօրվա պատկերացմամբ, ոչ միայն սահմանադրություն է, այլև՝ ընտրական օրենսգիրք, քրեական օրենսգիրք, քաղաքացիական օրենսգիրք, վարչական օրենսգիրք, ընտանեկան օրենսգիրք, հարկային օրենսգիրք, աշխատանքային օրենսգիրք, զինվորական կանոնագիրք, պառլամենտի կանոնակարգ, պատերազմ վարելու, գերիների հետ վարվելու, կրթական, մշակութային ծրագիր, ամուսնական, կրոնական վարքականոն, պահակային հերթապահության կանոններ, փողոցներին անվանումներ տալու, տները համարակալելու, աղբը թափելու հարցերի կարգավորման ուղեցույց և այլն: 
Մադրասում հրատարակված «Որոգայթ փառացը» 18-րդ դարի 2-րդ կեսի հայ լուսավորական մտքի և առաջադիմական գաղափարների արժեքավոր վավերագիր է։ 18-րդ դարավերջի հրատարակությունից բացի գիրքը վերահրատարակվել է 1913 թվականին, Թիֆլիսում։ 2002 թվականին ՀՀ սահմանադրական իրավունքի կենտրոնի նախաձեռնությամբ լույս է տեսել նաև ժամանակակից գրական հայերենով։ 
«Որոգայթ փառաց»-ը ցուցադրվում է Հայաստանի ազգային գրադարանի The Museum of Printing / Գրատպության թանգարանում։ Ի դեպ, տարին հոբելյանական է ոչ միայն «Որոգայթ փառացի», այլև դրա հեղինակի՝ Շահամիր Շահամիրյանի համար. այս տարի նշվում է ազգանվեր գործչի ծննդյան 300-ամյակը։