ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Գրական երկխոսություն Անրի Թրուայայի շուրջ Ազգային գրադարանում

ապր 17, 2026 Միջոցառումներ

IMG-0387-1-1

#Ֆրանկոֆոնիայի_երկամսյակի շրջանակում, ֆրանսահայ անվանի գրող, գրականագետ, Ֆրանսիական ակադեմիայի անդամ Անրի Թրուայայի (Լևոն Թորոսյան) ծննդյան 115-ամյակի առթիվ, Հայաստանի ազգային գրադարանում կայացավ հանդիպում թարգմանչուհի Հասմիկ Շալունցի հետ։ Միջոցառումը միավորեց գրականությունը, թարգմանական արվեստը և ֆրանսահայ մշակութային ժառանգությունը՝ ստեղծելով կենդանի և բովանդակալից երկխոսություն ընթերցողների և գրքի միջև։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Թրուայայի հայերեն թարգմանությունները, մասնավորապես՝ «Աննա Պրեդայ» վեպը, որը հայ ընթերցողների շրջանում վայելում է առանձնահատուկ սեր և հաճախ ընդգրկվում է Ազգային գրադարանի ամենամսյա նախընտրելի գրքերի ցանկում։

Հասմիկ Շալունցը խոսեց վեպի գաղափարական շերտերի, կերպարների հոգեբանական խորության և թարգմանական նրբությունների մասին՝ ընդգծելով ստեղծագործության կարևորությունը ժամանակակից ընթերցողի համար։ Քննարկման առանցքում էր Աննայի կերպարը՝ որպես ներքին պայքարի, ինքնության որոնման և մարդկային զգացմունքների բազմաշերտ արտահայտման խորհրդանիշ։

Թարգմանչուհին առանձնապես կարևորեց բնագրի հուզական երանգների պահպանման խնդիրը՝ նշելով, որ յուրաքանչյուր բառի ընտրություն պայմանավորված է ոչ միայն լեզվական համարժեքությամբ, այլև ենթատեքստի, տրամադրության և հեղինակի ոճական շեշտադրումների փոխանցմամբ։ Նրա խոսքով՝ Թրուայայի արձակը պահանջում է զգուշավոր և նուրբ մոտեցում, քանի որ այստեղ ամեն մի ձևակերպում կրում է հոգեբանական բեռ, և թարգմանության նպատակը ոչ միայն պատմությունը վերարտադրելն է, այլև նույն զգայական ազդեցությունը ստեղծելը հայ ընթերցողի համար։ Իսկ թե Անրի Թրուայայի գործերից որը կգտնեք Ազգայինում՝ փնտրեք մեր կայքում՝ #առցանց_ցուցադրությունների բաժնում։ https://nla.am/blog/henri-thrvouay