ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

«Կիլիկիա» Մատենադարանի արժեքավոր նվիրատվությունը՝ գրադարանի հավաքածուներում

օգս 05, 2026 Նորություններ Նվիրատվություններ

IMG-0387-1-1

Հայաստանի ազգային գրադարանը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» Մատենադարանը տասնամյակների համագործակցության պատմություն ունեն՝ միավորված հայ գրավոր ժառանգության պահպանման, ուսումնասիրման և հանրահռչակման ընդհանուր առաքելությամբ։ Օրերս Ազգային գրադարան էր այցելել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» Մատենադարանի մատենադարանապետ Գերաշնորհ Տեր Շահան արքեպիսկոպոս Սարգիսյանը։ Այցի ընթացքում Շահան Սրբազանը, հավատարիմ ձևավորված ավանդույթին, գրադարանին նվիրեց հայագիտական արժեքավոր մի շարք հրատարակություններ, որոնք կհամալրեն գրադարանի հավաքածուներն ու հասանելի կդառնան ընթերցողներին և հետազոտողներին։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Հայաստանի ազգային գրադարանի և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության «Կիլիկիա» Մատենադարանի միջև կնքվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր, որը նախատեսում է համատեղ ցուցադրությունների և գիտաժողովների կազմակերպում, հայ գրքի և մամուլի թվային պատճենների փոխանակում, մասնագետների փոխայցելություններ, թվայնացման ծրագրերի իրականացում և համացանցային համատեղ նախաձեռնությունների զարգացում։ Հայաստանի ազգային գրադարանը խորին երախտագիտությամբ է ընդունում գրադարանի հավաքածուները հարստացնող բոլոր նվիրատվությունները և իր շնորհակալությունն է հայտնում մեր նվիրատուներին ազգային գրավոր ժառանգության պահպանման և հարստացման գործում ունեցած կարևոր ներդրման համար։