Հեռախոսահամար
օգս 03, 2026 Նորություններ

Հուլիսի 22–24-ը Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, կայացել է 3-րդ Հայագիտական միջազգային համագումարը՝ նվիրված Մխիթարյան միաբանության հիմնադիր, նշանավոր հոգևորական և գիտնական Մխիթար Սեբաստացու ծննդյան 350-ամյակին։ Համագումարին մասնակցել է նաև Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը, ով հանդես է եկել «Հայաստանի հրատարակչական գործունեության վերլուծություն՝ Հայաստանի ազգային գրադարանի տվյալների հիման վրա» թեմայով զեկույցով։ Նա ներկայացրել է Հայաստանի ազգային գրադարանի գործունեությունը որպես Հայաստանի ազգային մատենագիտական կենտրոն՝ անդրադառնալով հրատարակչական արտադրանքի պետական հաշվառման, ազգային մատենագիտության ձևավորման և զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Ներկայացվել է նաև Գրադարանի գործունեությունը ISBN, ISMN, ISSN և Crossref/DOI ազգային գործակալությունների շրջանակում՝ որպես միջազգային ստանդարտ համարակալման և գիտական հրատարակությունների նույնականացման համակարգերի ազգային համակարգող։
Համագումարին մասնակցել են աշխարհի 16 երկրների առաջատար համալսարանների և գիտական հաստատությունների հայագետներ։ Միջոցառման շրջանակում քննարկվել են հայագիտության զարգացման, ձեռագրական ժառանգության պահպանության, ուսումնասիրության և միջազգային համագործակցությանն առնչվող հարցեր։
