ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Դպրոցական գրադարանավարների վերապատրաստում

հլս 20, 2026 Միջոցառումներ

IMG-0387-1-1

Ավարտվեց Հայաստանի ազգային գրադարանի կողմից կազմակերպված դպրոցական գրադարանավարների մասնագիտական վերապատրաստման քառօրյա դասընթացը։ Վերապատրաստման ծրագրին մասնակցեցին Երևանի 17 հանրակրթական դպրոցի գրադարանավարներ։ Որպես Հայաստանի գլխավոր գրադարանագիտական, մատենագիտական և մեթոդական կենտրոն՝ Ազգային գրադարանը կարևորում է գրադարանային ոլորտի մասնագետների շարունակական մասնագիտական զարգացումը՝ այն դիտարկելով կրթական համակարգի արդյունավետության և գրադարանային ծառայությունների արդիականացման կարևոր նախապայման։ Այդ նպատակով իրականացվող դպրոցական գրադարանավարների վերապատրաստման ծրագիրը կրում է շարունակական բնույթ և միտված է մասնագիտական գիտելիքների արդիականացմանը, փորձի փոխանակմանը, ինչպես նաև ժամանակակից գրադարանային տեխնոլոգիաների և աշխատանքային մեթոդների ներդրմանը դպրոցական գրադարաններում։

Այսօր դպրոցական գրադարանը կրթական գործընթացի կարևոր օղակներից է, որը նպաստում է սովորողների ընթերցանության մշակույթի ձևավորմանը, տեղեկատվական և մեդիագրագիտության զարգացմանը, ինքնուրույն ուսումնառության և հետազոտական կարողությունների ամրապնդմանը։ Այս առաքելության արդյունավետ իրականացումը մեծապես պայմանավորված է գրադարանավարի մասնագիտական պատրաստվածությամբ, ուստի նրա շարունակական վերապատրաստումը կրթության որակի բարձրացման կարևոր բաղադրիչներից է։ Վերապատրաստման ծրագրի ընթացքում մասնակիցներն ուսումնասիրեցին դպրոցական գրադարանի դերը հանրակրթության համակարգում, գրադարանային հավաքածուների ձևավորման և կառավարման սկզբունքները, գրացուցակների կազմման և գրականության դասակարգման առանձնահատկությունները, էլեկտրոնային գրադարանային սպասարկման կազմակերպումը, թվային գրագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունները, ընթերցանության խթանման արդյունավետ մեթոդները, միջոցառումների կազմակերպման սկզբունքները և մեդիագրագիտության արդի մոտեցումները։

Դասընթացի կարևոր բաղադրիչներից էր հատուկ դպրոցական գրադարանների համար մշակված ավտոմատացման ծրագրի ներկայացումը, որի կիրառումը հնարավորություն կտա ապահովել ոչ միայն դասագրքերի շրջանառությունը, այլև գրքային հավաքածուների էլեկտրոնային հաշվառումը, ընթերցողների սպասարկումն ու տվյալների կառավարումը։ Դասընթացները վարում էին ՀԱԳ փորձառու մասնագետները՝ համադրելով տեսական գիտելիքն ու գործնական փորձը՝ ստեղծելով մասնագիտական քննարկումների ու փորձի փոխանակման արդյունավետ հարթակ։ Վերապատրաստման ծրագրի ավարտին գրադարանավարներին տրվեցին մասնակցության հավաստագրեր։ Հայաստանի ազգային գրադարանը հետևողականորեն շարունակելու է իրականացնել մասնագիտական վերապատրաստման ծրագրեր՝ նպաստելով դպրոցական գրադարանների զարգացմանը, գրադարանավարների մասնագիտական ներուժի ամրապնդմանը և հանրակրթության համակարգում ժամանակակից, արդյունավետ և գրադարանային միջավայրի ձևավորմանը։