ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Թանգարանների միջազգային օր

հնս 06, 2024 Միջոցառումներ Ցուցահանդեսներ

մայիս թանգարան
 

Թանգարանների դերն անչափ կարևոր է մեր կյանքում. թանգարան այցը ճանաչողական, գաղափարական, գեղագիտական և դաստիարակչական նշանակություն ունի։ Ամեն տարի մայիսի 18-ին Թանգարանների միջազգային օրվա շրջանակում, թանգարաններն ամբողջ աշխարհում համախմբվում են մեկ խորագրի շուրջ։ 2024-ին Թանգարանների միջազգային օրը և Թանգարանային գիշերն անցկացվում են նույն օրը՝ «Թանգարաններ, կրթություն և հետազոտություն» խորագրի ներքո: Ծրագրին այս տարի միացել է 118 թանգարան: Դրանք այցելուների համար անվճար սկզբունքով բաց են լինելու ամբողջ օրվա ընթացքում։

Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը ևս այսօր՝ մինչև կեսգիշեր իր հյուրընկալ դռներն է բացել այցելուների առջև։ Ըստ ծրագրի, 11:00-24:00-ին, ամբողջ օրվա ընթացքում, սպասվում են տարբեր ցուցադրություններ։ 12:00-ին տեղի կունենա «Բացահայտիր Հայաստանը» թանգարանի մասին ֆիլմի ցուցադրությունը, 15:00-ին՝ «Թանգարան-դպրոց համագործակցությունը. ուսուցիչը՝ թանգարանում» դասախոսությունը, 18:00-ին՝ «Հայ-իրանական մշակութային կապեր։ Անդրե Սևրուգյան (Դարվիշ)» ցուցադրություն – զեկուցումը, 20:00-ին՝ «Հայ գրքի ճանապարհը 16-18րդ դդ» ֆիլմի ցուցադրություն։

Թանգարանների միջազգային օրը 1977 թվականին հռչակել է Թանգարանների միջազգային խորհուրդը (ԻԿՕՄ)՝ նպատակ ունենալով թանգարանները համախմբելու հասարակության և մարդկության առջև ծառացած գլոբալ մարտահրավերների շուրջ, միաժամանակ բարձրացնելու հանրային իրազեկվածությունը՝ մարտահրավերների դիմագրավման, թանգարանների կարևորագույն դերի և հնարավորությունների մասին: «Թանգարանների գիշեր» ծրագիրն անցկացվում է 2005 թվականից՝ Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Հայաստանը «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառմանը միացել է 2005 թվականից: