ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Շուշանիկ Կուրղինյանի գրական ժառանգության շուրջ հանրային հանդիպում

օգս 26, 2026 Միջոցառումներ

IMG-0387-1-1

Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ անվանի հայ բանաստեղծուհի Շուշանիկ Կուրղինյանի ծննդյան 150-ամյակին նվիրված հանդիպում և հանրային դասախոսություն։ Միջոցառմանը ներկա էին Հայաստանի ամերիկյան համալսարանի ուսանողներ, գրականությամբ հետաքրքրվող ընթերցողներ և հյուրեր։ Շուշանիկ Կուրղինյանը հայ գրականության պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունի՝ որպես սոցիալական և հեղափոխական պոեզիայի կարևոր ներկայացուցիչ։ Նրա ստեղծագործություններում հնչում են ազատության, սոցիալական արդարության, կնոջ իրավունքների և մարդկային արժանապատվության թեմաները։ Կուրղինյանի պոեզիան ձևավորվել է իր ժամանակի հասարակական ու քաղաքական իրադարձությունների ազդեցությամբ, սակայն նրա ստեղծագործությունների բազմաթիվ թեմաներ շարունակում են արդիական մնալ նաև այսօր։

Հանդիպման ընթացքում բանախոսները՝ գրող Շուշան Ավագյանը և Ռուզաննա Գրիգորյանը, անդրադարձան Կուրղինյանի կյանքին, ստեղծագործությանը և գրական ժառանգության ժամանակակից ընկալումներին։ Շուշան Ավագյանը Կուրղինյանի ստեղծագործությունը տարիներ առաջ ներկայացրել է նաև անգլալեզու ընթերցողին․ նա անգլերեն է թարգմանել և 2005 թվականին ԱՄՆ-ում հրատարակել բանաստեղծուհու 40 ստեղծագործություններից կազմված ժողովածուն։ Ավագյանը նաև գրել է «Գիրք-անվերնագիր» վեպը, որը 2006 թվականին հրատարակվել է Հայաստանում և նվիրված է Շուշանիկ Կուրղինյանի և Զապել Եսայանի երևակայական հանդիպմանը։ 2012 թվականից նա Հայաստանի ամերիկյան համալսարանում դասավանդում է թարգմանության տեսություն և պրակտիկա։

Ռուզաննա Գրիգորյանը, մի խումբ ընկերների հետ, հրատարակության է պատրաստել գյումրեցի բանաստեղծ Տանյա Հովհաննիսյանի «Դեպի քեզ—ապրեցնելու» բանաստեղծությունների ընտրանին, որը լույս է տեսել այս տարվա հուլիսին։ Գրիգորյանը Ազգային գրադարանին նվիրեց գրքի օրինակներ։ Միջոցառմանը մասնակցում էր նաև թարգմանիչ Արամ Օհանյանը, ով իր հետ բերել էր բացառիկ պատմական լուսանկար՝ 1880-ականներին արված լուսանկար, որտեղ պատկերված է Շուշանիկ Կուրղինյանը՝ իր դպրոցական դասընկերների հետ։ Լուսանկարը յուրահատուկ հնարավորություն տվեց ներկաներին բանաստեղծուհուն տեսնելու ոչ միայն որպես գրականության պատմության մեջ հայտնի հեղինակ, այլև որպես երիտասարդ աղջիկ՝ իր ժամանակի կրթական միջավայրում։

Հանդիպմանը մասնակցում էին նաև Երևանի Շուշանիկ Կուրղինյանի անվան թիվ 17 գրադարանի ներկայացուցիչները։ Հանդիպման մասնակիցների համար Ազգային գրադարանը պատրաստել էր նաև փոքրիկ հուշանվերներ՝ Շուշանիկ Կուրղինյանի լուսանկարով և նրա բանաստեղծություններով էջանիշներ։ Դրանք հանդիպման մասնակիցներին նվիրեցինք՝ որպես օրվա և բանաստեղծուհու 150-ամյակի հիշատակ։ Միջոցառման ընթացքում Հայաստանի ազգային գրադարանում ներկայացված էր նաև Շուշանիկ Կուրղինյանի ստեղծագործություններին և գրական ժառանգությանը նվիրված ցուցադրություն։