ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հանրային դասախոսություն | Ալեքսանդր Գերոնյան «Հայաստանը Լատվիայի ժամանակակից գրական հրատարակություններում»

սպտ 28, 2023 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ

1
 

Հայաստանի ազգային գրադարանում հանդիպում էր կազմակերպվել Ռիգայի հայկական համայնքի նախագահ, Լատվիայի հայերի «Արարատ» թերթի և Բալթիկայի հայերի «Կռունկ» ամսագրի հիմնադիր հրատարակիչ Ալեքսանդր Գերոնյանի հետ։ Նա հանդես եկավ «Հայաստանը Լատվիայի ժամանակակից գրական հրատարակություններում» թեմայով հանրային դասախոսությամբ։ Բանախոսը ներկայացրեց Լատվիայում իր հրատարակած գրքերը, խոսեց նաև «Արարատ» և «Կռունկ» ամսագրերի մասին, որոնցում, ի թիվս այլ հոդվածների, տեղ են գտել նրա հեղինակած ու թարգմանած նյութերը։ 
Օրինակ, «Արարատ»-ում Գերոնյանը՝ հղում անելով միջազգային տարբեր ԶԼՄ-ների հրապարակումներին, ներկայացրել է 2020 թվականին Ադրբեջանի սանձազերծած պատերազմի պատճառները, դրա «հովանավորներին», պատերազմում թուրք զինյալների մասնակցությանը, այդ համատեքստում՝ Երևանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին։ Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն իր խոսքում արժևորեց Բալթյան երկրներում Ալեքսանդր Գերոնյանի կատարած մեծ ու կարևոր աշխատանքը։ Նա նշեց, որ Գերոնյանի նվիրած հայագիտական ուղղվածության գրքերն ու պարբերականների համարները կհամալրեն գրադարանի «Արմենիկա» հավաքածուն, իսկ հետագայում դրանց թվային տարբերակները հասանելի կլինեն «Արմենիկա» էլեկտրոնային շտեմարանում։ 

2


Հավելենք, որ Լատվիա-հայկական համայնքի հիմնադիր Ալեքսանդր Գերոնյանը Ռիգայում հայկական մշակույթի մասին երեք տասնյակ գրքի հեղինակ է։ «Արարատ» թերթի գրադարան» մատենաշարով լույս է ընծայել 14 գիրք՝ հայերեն, լատվերեն և ռուսերեն։ Նա հեղինակ է «Արտասահմանն ինչպես որ կա», «Հռչակավոր կոլեկցիոները», «Նավահանգիստ տապանի համար կամ 15 ճամփորդություն դեպի Արարատ», «Սփյուռքի երեխաները», «Օտարերկրացին» գրքերի: Բաքվի հայերին նվիրված նրա գրքերից երկուսը լույս են տեսել արտերկրում. Տորոնտոյում լույս է տեսել նրա «Վերջին լաստանավը» պատմվածքների ժողովածուն, Մոսկվայում՝ «Արմենիքենդը և նրա բնակիչները»։ Միջոցառմանն իր ստեղծագործությունների կատարմամբ հանդես եկավ նաև Ալեքսանդր Գերոնյանի կինը՝ լատվիացի երգահան և թարգմանիչ Ալյոնա Միտինան։ Նա Գրողների միջազգային ասոցիացիայի, ՌԴ գրողների միության անդամ է, ինչպես նաև Ռիգայի «Համաստեղություն» ստեղծագործական ասոցիացիայի համաղեկավար։

376625949_685176640329064_7424402333122475231_n