Հեռախոսահամար
մրտ 03, 2026 Նորություններ Նվիրատվություններ

Գիրք նվիրելու օրվա առթիվ Հայաստանի ազգային գրադարանը շարունակում է ստանալ արժեքավոր և բացառիկ նվերներ։ Գրադարանի բարեկամ, լրագրող Մարկ Գրիգորյանը Марк Григорян Ազգային գրադարանին է նվիրել հնատիպ արժեքավոր հրատարակություն՝ «ԺՈՂՈՎԱԾՈՒ ԳԻՐՔ. Սկիզբն գրոցս, որ կոչի Ժողովածու», տպագրված Կ. Պոլսում՝ Աստվածատուր Կոստանդնուպոլսեցու տպարանում, 1717-1718 թվականներին։ Ութածալ, 508 զարդափակ էջերից կազմված hրատարակությունը ունի հայատառ մամուլանիշեր: Տիտղոսաթերթը զարդափակ է։ Գրքում առկա են 10 փորագիր պատկերներ մակագրություններով, գլխազարդ, վերջազարդ և լուսանցազարդ պատկերներ, ինչպես նաև զարդագրեր։ Բնագիրը տպագրված է 10 կետաչափի բոլորագրով, կիրառված են նաև նոտրգիր և գլխագրեր։
Թեև Ազգային գրադարանում տվյալ հրատարակությունից առկա են մի քանի օրինակներ, սակայն նվիրաբերված օրինակը եղածների մեջ լավագույն պահպանվածն է և կարևոր համալրում է գրադարանի հնատիպ գրքերի հավաքածուի համար։ Գիրքը թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանի կողմից և հասանելի է ՀԱԳ «Հայ գիրք» էլեկտրոնային շտեմարանում՝ ապահովելով դրա գիտական ուսումնասիրության և հանրային մատչելիության հնարավորությունը։https://is.gd/dlW6OR Գրքի մասին տեղեկություն կարող եք գտնել նաև ՀԱԳ «Գանձեր Հայաստանի ազգային գրադարանի. Հնատիպ գիրք» պատկերագրքում։ https://is.gd/Yio6EE
Հայաստանի ազգային գրադարանը շնորհակալություն է հայտնում Մարկ Գրիգորյանին՝ ազգային գրավոր ժառանգության պահպանմանն ու հարստացմանն ուղղված արժեքավոր նվիրատվության համար։
