Հեռախոսահամար
հկտ 10, 2024 Միջոցառումներ Գրական հանդիպումներ
Հայաստանի ազգային գրադարանում գրական հանդիպումների հերթական մասնակիցը ժամանակակից ռուս գրող, պատմաբան, գրաքննադատ, բազմաթիվ գրական մրցանակների դափնեկիր Սերգեյ Բելյակովն էր: Նրա հետ զրուցը վարեց գրականագետ, գրաքննադատ Իվան Ռոդիոնովը: Հանդիպման թեման էր՝ «Օստապ Բենդեր. կերպարի ստեղծողները և նախատիպերը՝ իրական և հորինովի»: «Տասներկու աթոռ»-ը և «Ոսկե հորթը» 20-րդ դարի ռուս գրականության ամենահայտնի վեպերից են։ Օստապ Բենդերն էլ գրական ամենահայտնի ռուս հերոսներից է, գրեթե նույնքան հայտնի, որքան Եվգենի Օնեգինը, Գրիգորի Պեչորինը, Ռոդիոն Ռասկոլնիկովը, Անդրեյ Բոլկոնսկին, Պիեռ Բեզուխովը։ Բայց ո՞վ էր նրա նախատիպը կամ արդյո՞ք ուներ նախատիպ։
1978-ին Վալենտին Կատաևը պատմում է «Տասներկու աթոռ» վեպի ստեղծման պատմությունը և որպես նախատիպ տալիս Օստապ Շորի անունը: Իսկապե՞ս Շորը Բենդերի նախատիպն էր, թե՞ սա Վալենտին Կատաևի գրական կեղծիք է: Վերջին 10-12 տարում ի հայտ եկավ մի նոր արտառոց միֆ՝ ըստ որի Օստապ Բենդերի մասին վեպերի հեղինակը ոչ թե Իլյա Իլֆն ու Եվգենի Պետրովն էին, այլ նրանց վաղեմի ընկեր Միխայիլ Բուլգակովը։ Մի՞թե սա ճիշտ է: Պատմությունը գիտություն է, որն օգնում է առանձնացնել ճշմարտությունը ստից, հերքել առասպելները և հասկանալ, թե իրականում ինչպես են տեղի ունեցել իրադարձությունները: Պատմաբան և գրող Սերգեյ Բելյակովն այժմ աշխատում է «Կատաև եղբայրներ» գրքի վրա։ Նրա երեկվա ելույթն իր ապագա գրքի սյուժեներին էր վերաբերում։
Ազգային գրադարանում ռուս ժամանակակից գրողների հետ հանդիպումները տեղի ունեցան Մոսկվայի Թարգմանության ինստիտուտի նախաձեռնությամբ՝ Գրքի միջազգային փառատոներին և գրքի տոնավաճառներին ռուսական մասնակցության ծրագրի շրջանակում՝ Երևանի գրքի միջազգային փառատոնին համընթաց։