Հեռախոսահամար
դկտ 06, 2023 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ Ցուցահանդեսներ
Մեծանուն գրող, երգիծաբան, թատերագիր Հակոբ Պարոնյանի 180-ամյակը նշվեց Հայաստանի ազգային գրադարանում: Բանասեր, գրաքննադատ Հրանտ Ասատուրի բնորշմամբ՝ «Պարոնյան ճանչցած է իր ժամանակին մարդիկը և շուրջը տեսած բարքերը, խորունկ հոգեբանությամբ ըմբռնած է անոր ծաղրելի, այլանդակ կողմերը, և գրչի մեկ շարժումով հաճախ ներկայացուցած է կյանքի ամբողջ տեսարան մը»:
Հանճարեղ երգիծաբանի կյանքն ու ստեղծագործությունն էլ մանրակրկիտ ուսումնասիրել և իր ուսումնասիրությունները գրքերում ամփոփել է գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մակարյանը: Նա էլ հենց օրվա բանախոսն էր: Ալբերտ Մակարյանն ուշագրավ մանրամասներ պատմեց մեծ գրողի մասին, հանգամանալից ներկայացրեց նրա գործունեությունը: Ելույթ ունեցավ նաև գրող, բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանը: Մարդաշատ էր թամանյանական փոքր ցուցասրահը: Միջոցառման մասնակիցները ծանոթացան Պարոնյանի ստեղծագործությունը ներկայացնող գրքերի, պարբերական մամուլի և այլ նյութերի ցուցադրությանը:
Ցուցադրված են մեծ գրողի կենդանության շրջանի հրատարակությունները, 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հրատարակություններ, խորհրդային, հետխորհրդային ժամանակաշրջանի ինչպես նաև 21-րդ դարի և սփյուռքի հրատարակություններ: Պարոնյանական գրականության ցուցադրությունը կգործի երկու շաբաթ: Սրահը թատերական կերպարանք է ստացել ցուցահանդեսի այցելուների աչքը շոյող տարբեր տարիների թատերական ազդագրերով՝ «Մեծապատիվ մուրացկաններ», «Պաղտասար Աղբար», «Շողոքորթ», «Ատամնաբույժն արևելյան», «Ազգային ջոջեր»...
«Կրնամ երեւակայել, թէ ի՜նչ կ՚զգայ Թորոս աղան, ես որ այս տողերը գրած ժամանակս հազար անգամ աթոոի վրայ կը ցատկեմ»,- գրում է Պարոնյանը «Քաղաքավարության վնասները» գործում՝ նկարագրելով խեղճ Թորոս աղայի՝ քաղաղաքավորությունից դրդված ավելի քան չորսժամյա տվայտանքները: Պատկերացնում ենք՝ ինչ կզգար մեծ երգիծաբանը՝ գնահատելով մեր միջոցառման և ապա դրա լուսաբանման հակիրճությունը: