Հեռախոսահամար
փտր 07, 2025 Նորություններ
Մեր ապրած-չապրած օրերի, ծանոթ-անծանոթ դեպքերի, չորս կնոջ ճակատագրի, երևանյան հին ու նոր պատմությունների, ամենատարբեր ուղիներով բանաստեղծական ճամփորդությունների մասին են 3 կին հեղինակների ներքոհիշյալ գրքերը։
Կարինե Խոդիկյանի «Հետադարձ վերադարձ», Ալիս Հովհաննիսյանի «Աղաների դարը և հետոն» վեպերը և Անահիտ Ղազախեցյանի «Աճող սիրտ» բանաստեղծությունների հայերեն-անգլերեն ժողովածուն ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ և Հայաստանի ազգային գրադարանի համակարգմամբ «Աջակցություն ստեղծագործողներին, հետազոտողներին և թարգմանիչներին» դրամաշնորհային ծրագրով 2024-ին լույս տեսած գրքերի շարքում են։
Նոր Արեշի՝ հեղինակի հայրենի եզերքի ու հարազատ միջավայրի պատմությունն է ինքնակենսագրական տարրերով «Աղաների դարը և հետոն» վեպը։ «Կենդանի և հուզիչ է վեպը առաջին հերթին այն բանի շնորհիվ, որ հեղինակն ունի վերապատումի շնորհ։ Նա ոչ թե նմանակում, այլ վերապրում է նկարագրվող կյանքը...»,- գրքի առաջաբանում ընդգծել է խմբագիրը։
«Հետադարձ վերադարձ»-ի վարպետորեն միահյուսված պատմությունները «ճշմարտության չափ դրամատիկ են, հորինման պես անկանխատեսելի ու երազային»։ «Անվերջանալի թվացող նախադասությունը վերջապես վերջակետելով՝ ետ ընկա բազկաթոռին, չտեսնող հայացքս համակարգչի էկրանի տեքստին՝ տուփից հանեցի սիգարետը, կրակայրիչը մոտեցրի... չէ, չեմ ծխի. որ իմ սենյակում լույսը վառվում է, նորմալ է, այս ժամին միշտ էլ աշխատում եմ...»,- բոլոր ստեղծագործողներին ծանոթ մի պատկեր, չէ՞...
«Աճող սիրտ»-ը երիտասարդ գրողի բանաստեղծական երկրորդ ժողովածուն է, որի անգլերեն թարգմանությունը ևս հեղինակինն է։ Բանաստեղծություններում «աշխարհագրություններ, միֆեր, քարտեզներ, օդանավակայաններ...» կան, նաև՝ «հիշողություններ նախորդ կյանքերից, լռության ձևեր ու նկարագրություններ, հմայախոսքեր, փշեր ու ծաղիկներ, և կա նաև աճող սիրտ՝ լի ու լի այս ամենով»։ Ճիշտ մեր կյանքի նման։