ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Անհրաժեշտ է գրադարանային եզրերի նոր բառարան

հլս 09, 2024 Նորություններ

girq
 

ՀՀ գրադարանային եզրաբանության ոլորտը ամբողջությամբ ձևավորվել է ռուսական գրադարանային-մատենագիտական դպրոցի ազդեցությամբ: Գրադարանային եզրույթների առաջին ռուս-հայերեն, հայ-ռուսերեն բառարանը լույս է տեսել 1950 թվականին: Այն կազմել էր նշանավոր գրադարանավար Արամ Բաբայանը, իսկ բառարանի խմբագիրն է ակադեմիկոս Գուրգեն Սևակը: Գրադարանագիտական բառարանները սովորաբար ներառում են ոչ միայն գրադարանագիտության, մատենագիտության և տեղեկատվական գիտությունների վերաբերյալ եզրաբանությունը, այլև հրատարակչական և տպագրական գործի, գրքի պատմության, գրաֆիկական արվեստի, գրականության, հեռահաղորդակցության և համակարգչային գիտություննների բառապաշարը, որոնք կազմողներն ըստ իրենց հայեցողության կարող են օգտակար համարել գրադարանավարների և տեղեկատվական մասնագետների համար:

Նույն երկլեզու սկզբունքով է 1980-ականներին կազմվել Ազգային գրադարանի գրադարանագիտության գիտահետազոտական բաժնի վարիչ Ծովիկ Միքայելյանի և նույն բաժնի աշխատակից Տաթևիկ Նավասարդյանի կազմած բառարանը, որի խմբագիրն է մեծանուն լեզվաբան, ակադեմիկոս Էդվարդ Աղայանը: Բառարանը պատրաստ է եղել տպագրության 1990-ական թվականների սկզբին, սակայն միջոցների անբավարարության պատճառով լույս է տեսել միայն 2001 թվականին: Այն ընդգրկում է մոտ 1600 գրադարանային-մատենագիտական, գրքագիտական, հրատարակչական, համակարգչային և այլ գիտությունների եզրեր: 21-րդ դարասկզբին գրադարանների համակարգչացմամբ և հավաքածուների թվայնացմամբ պայմանավորված խնդիր առաջացավ գրադարանային ոլորտի նոր բառարան ունենալ, որը պիտի արտացոլի գրադարանային նոր իրողությունները և հիմքեր ստեղծի ավտոմատացված գրադարանային համակարգերում գրադարանային եզրույթների կիրառման միասնական մոտեցումների համար: Վերջերս այս նախաձեռնությամբ առցանց քննարկումներ է սկսել Հայ գրադարանավարների և արխիվագետների միջազգային ասոցիացիան (IAALA):