Հեռախոսահամար
մրտ 25, 2026 Միջոցառումներ

Հայաստանի ազգային գրադարանում տեղի ունեցավ ֆրանսահայ նշանավոր արձակագիր, աբսուրդի թատրոնի հիմնադիրներից Արթուր Ադամովի «Մարդը և երեխան» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը։ Գիրքը լույս է ընծայել «Ալեֆ» հրատարակչությունը։ Միջոցառումը մեկնարկեց ՀԱԳ տնօրենի գիտական գծով տեղակալ Հայկանուշ Ղազարյանի ողջույնի խոսքով՝ կարևորելով Ադամովի գրական ժառանգության ներկայացումը հայ ընթերցողին։ Նա շեշտեց նաև նման նախաձեռնությունների կարևորությունը՝ սփյուռքահայ գրականության արժևորման և մշակութային կապերի ամրապնդման համատեքստում։
ՀՀ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավար Զարեհ Սինանյանի ողջույնի խոսքը փոխանցեց ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանը։ Հանդիպմանը համագործակցության և Երևանում Ադամովյան օրերի նախաձեռնության կարևորության մասին խոսեց նաև Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի տնօրեն Քսավիե Ռիշարը։ Գրքի թարգմանիչ Սաթէ Խաչատրյանը իր խոսքում անդրադարձավ հատկապես «Մարդը և երեխան» վեպի խորքային հոգեբանական և ինքնաճանաչողական բնույթին՝ ընդգծելով, որ այն ոչ միայն ինքնակենսագրական պատմություն է, այլև մարդու ներաշխարհի բարդ շերտերի բացահայտման փորձ։
Արթուր Ադամովի «Մարդը և երեխան» («L’homme et l’enfant») ինքնակենսագրական վեպը գրվել է հեղինակի կյանքի ծանր՝ երկարատև և տանջալի հիվանդության շրջանում։ Այն յուրօրինակ կերպով միավորում է հիշողության մշուշոտ, հաճախ ցավագին պատկերները այն դաժան և ճնշող իրականության հետ, որի մեջ ապրում և ստեղծագործում էր հեղինակը։
Վեպում ճանաչելի և երբեմն անճանաչելի կերպարներով ներկայանում են Ադամովի մտերիմ ու ազդեցիկ ժամանակակիցները, որոնք հանդես են գալիս ոչ միայն որպես կենսագրական դեմքեր, այլև որպես ամբողջ մի մտավոր և հոգևոր միջավայրի խորհրդանիշներ։ Ստեղծագործության առանցքում հեղինակի ներաշխարհն է․ Ադամովը մանրամասնորեն քննում է իր տառապանքը՝ այն դիտարկելով ոչ միայն որպես ֆիզիկական կամ հոգեկան ցավ, այլև որպես ինքնաճանաչման միջոց։ Նա անխնա վերլուծում է սեփական անձը, վախերը, մեղքի զգացումը, օտարումն ու ներքին երկփեղկվածությունը՝ վերածելով վեպը ինքնախոստովանության և հոգեբանական յուրօրինակ հարցաքննության, որտեղ ինքն է միաժամանակ մեղադրյալը, դատավորը և վկան։ Ելույթներին հետևեց գրքի քննարկումը. Սաթէ Խաչատրյանը, գրքի խմբագիր Արմեն Սարգսյանը, ինչպես նաև արձակագիրներ Արամ Ավետիսը և Երվանդ Վարդանյանը հանդիսատեսին ներկայացրեցին ստեղծագործության գրական, լեզվական և գաղափարական առանձնահատկությունները։
Միջոցառումն անցկացվեց «Ադամովյան օրերը Հայաստանում» նախագծի շրջանակում՝ միավորելով գրականագետներին, ընթերցասերներին և Ադամովի ստեղծագործության գնահատողներին։ Միջոցառմանը զուգահեռ Հայաստանի ազգային գրադարանի փոքր ցուցասրահում բացվել էր նաև գրականության ցուցադրություն, որտեղ ներկայացված էին ՀԱԳ հավաքածուներում պահվող գրքեր, ամսագրեր և հոդվածներ՝ նվիրված Արթուր Ադամովին և նրա ստեղծագործական ժառանգությանը։
