ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Վերադարձ. բանաստեղծ Վառլեն Ալեքսանյանին նվիրված հուշ-ցերեկույթ և նոր գրքի ներկայացում

հնս 11, 2024 Միջոցառումներ Գրական հանդիպումներ

dustr

Հայաստանի ազգային գրադարանում անկացվեց բանաստեղծ, գրող, հրապարակախոս, թարգմանիչ և խմբագիր Վառլեն Ալեքսանյանին նվիրված հուշ-ցերեկույթ, որի ընթացքում ներկայացվեց նրա նոր՝ «Վերադարձ» ժողովածուն։ Բացման խոսքում Ազգային գրադարանի տնօրենի խորհրդական Ներսես Հայրապետյանն ընդգծեց, որ Վառլեն Ալեքսանյանը անմիջական կապ ունի Ազգային գրադարանի հետ։ 2013-2014 թվականներին հենց նա է եղել գրադարանի հրատարակած «Հոգևոր հայրենիք» թերթի գլխավոր խմբագիը։ Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խոսեց Վառլեն Ալեքսանյան մարդու և գրողի մասին, պատմեց իր հուշերը։

ddd

Մասնակիցներն ու հյուրերը միջոցառման ընթացքում վերադարձան ժամանակներ, երբ մեզ հետ էր յուրօրինակ բանաստեղծը՝ Վառլեն Ալեքսանյանը։ Կարծես բանաստեղծն ինքն իր պոեզիայի հետ վերադարձավ նոր գրքի տեսքով, որ հենց այդպես էլ կոչվում է՝ «Վերադարձ»։ Բանաստեղծի այսօրինակ վերադարձի մեջ անգնահատելի դեր ունի ժողովածուի խմբագիր, Վառլենի վաղեմի գրչակից, գործընկեր և պարզապես մտերիմ ընկեր Դավիթ Մկր Սարգսյանը, որն իր սրտի խոսքն ասաց բանաստեղծի ու ընկերոջ մասին։ Վառլեն Ալեքսանյանի հետ երկար տարիների մտերմություն են ունեցել արվեստի ու գրականության աշխարհից շատ-շատերը։ Դահլիճում ներկա էին նրանցից շատերը, ելույթ ունեցան գրող, հրապարակախոս Վրեժ Սարուխանյանը, բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանը, բանաստեղծ Հակոբ Հարությունը։

ecran

Վառլեն Ալեքսանյանի աշխատանքային երկար ճանապարհը ձգվել է Հայաստանի պատմության պետական թանգարանից մինչև Ազգային գրադարան։ Հայկական հանրագիտարանի խմբագրությունում նա եղել է ավագ գիտխմբագիր։ Հանրագիտարանի գլխավոր խմբագիր Հովհաննես Այվազյանի խոսքը կարդաց խմբագրության գրականության և լեզվի բաժնի գլխավոր խմբագիր Էսթեր Խանիկյանը։ Բանաստեղծի գործերն ընթերցեցին դերասան Վահագն Սիմոնյանը և միջոցառման վարող՝ մշակութային գործիչ, լրագրող Սիրանույշ Եղիազարյանը։ Բանաստեղծ Նորայր Գրիգորյանը Վառլեն Ալեքսանյանի հիշատակին նվիրված իր բանաստեղծությունն ընթերցեց։

Կյանքի օրոք Վառլեն Ալեքսանյանը հեղինակել է 9 ժողովածու, խմբագրել բազմաթիվ գրքեր, որոնց թվում՝ Շառլ Ազնավուրի «Անցած օրեր»-ը և ռումինահայ գրող, պետական գործիչ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյան»-ը։ «Գրականությունն ավելի լուրջ է, քան պատկերացնում ենք: Ժամանակը շատ անողոք է, ժամանակը չի ներում այն մարդկանց, ովքեր խաբեությամբ են զբաղվում»,- սա էր Վառլենն Ալեքսանյանի մոտեցումը գրականությանը, և այսպես էր իր գրականությանը վերաբերվում բանաստեղծը։