ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Մայիսը գրականության մեջ

հնս 11, 2024 Նորություններ

 

zola


Գրքերն ավելին են, քան պարզապես ուղեցույցներ. նրանք մարդու ամենալավ ընկերներն են, որոնք օգնում, լուսավորում, մաքրում, զարգացնում են մեր միտքն ու երևակայությունը։ Ազգային գրադարանի մայիսյան գրքերում շատ են այդպիսիք. Պետեր Հանդքե, Էմիլ Զոլա, Վլադիմիր Վոյնովիչ, Դաթո Տուրաշվիլի, Մելինդա Նադյ Աբոնի: Իհարկե, նաև նորագույն շրջանի հայ գրողներ՝ Վահագն Գրիգորյան, Լևոն Նես, Նշան Աբասյան. այս հեղինակների գրքերը ներկայացված են մեր մայիսյան գրքացանկում:

Տրամադրության անկում, հիասթափություն, զղջում, մարդկային բարդ հարաբերություններ... այսպիսի զգացումներ են ծնում ընթերցողի մեջ այս գրքերը, որոնց մեջ իրադարձությունները սկսվում, զարգանում կամ ավարտվում են հենց մայիսին՝ աստիճանաբար խորացնելով և «աճեցնելով» գրքի հանդեպ ընթերցողի հետաքրքրությունը։ Այսպես. Վաղինակ Հովակիմյանի «Արյունոտ ամառ» պատմավեպը պատկերում է հայ ժողովրդի ազատագրական պայքարի հերոսական դրվագներից մեկը՝ Շահկերտի ապստամբությունը պարսկական տիրապետության դեմ։ Գրքում նկարագրված դեպքերը հիմնականում տեղի են ունենում մայիսին։

«Մայիսյան» ժամանակակից գրքերն առանձնանում են հատկապես պատկերների և զգացմունքների առատությամբ, ստեղծում հակասական զգացողություններ, որոնք հոգեբանական բուռն հույզեր են պարգևում ընթերցողին։ Այդպիսիներից է Զոլայի «Նանա»-ն, թերևս հեղինակի ամենասկանդալային վեպը։ Ֆրանսիացի գրողը ներկայացնում է փարիզյան կորտիզանուհու կերպարը, որի առջև խոնարհվում և որին հնազանդվում են բոլորը, ինչն էլ խորհրդանշում է այդ հակասական ժամանակների ամբողջ պերճանքն ու թշվառությունը։

Գրականության Նոբելյան մրցանակակիր Պետեր Հանդքեի «Կարճ նամակ երկար հրաժեշտից առաջ» վեպը բաժանված, բայց միմյանց անընդհատ հետապնդող ամուսինների հարաբերությունները ներկայացնող հոգեբանական տպավորիչ երկ է։ Հունիսի ընտրանին ևս սպասել չի տա՝ իր բացառիկ գրքերով: Ներկա եղեք Ազգայինի միջոցառումներին ու ցուցադրություններին և հետևեք մեր սոցցանցային էջերին: