Հեռախոսահամար
հնս 03, 2025 Նորություններ Միջոցառումներ Գրական հանդիպումներ
Հրատարակչական գործը միայն գիրք հրատարակելն ու վաճառել չէ, մենք նաև ճաշակ ձևավորելու խնդիր ունենք, լինել մշակութային ուղեցույց ընթերցողի համար՝ աջակցելով գրականության ճիշտ ընկալմանը և ընտրությանը։ Այս առումով մեծ է նաև գրադարանների, գրքի խորհրդատուների դերը։ Խորհուրդ են տալիս հրատարակիչները. Գրքային նորություններ I Արքմենիկ Նիկողոսյան խորագրով հանդիպման ժամանակ ընթացիկ ծրագրերից, հրատարակվող նոր գրքերից և հրատարակչական գործի առանձնահատկությունների մասին խոսեց Antares Media Holding հրատարակչության գլխավոր խմբագիր Արքմենիկ Նիկողոսյան Arqmenik Nikoghosyan Ներկայացնելով «Անտարես» հրատարակչության գործունեությունը՝ խմբագիրն ընդգծեց, որ գրքերը հիմնականում տպագրվում են մատենաշարերով։ Նա մասնավորապես նշեց «Օտարգիր» մատենաշարը, որը ներառում է բնագրից կատարված բացառապես առաջին թարգմանությունները։ Հրատարակվել են 36 լեզուներով թարգմանված գրական գործեր, և այդ պատասխանատու գործընթացը շատ հաճախ վստահվել է երիտասարդ, խոստումնալից թարգմանիչներին։
«Նոբելյան մրցանակակիրներ» շարքի մասին խոսելիս, վստահաբար նշեց, որ այն գրողը, ով ստանում է նոբելյան մրցանակ, գրեթե 6-7 ամիս անց թարգմանվում է հայերեն։ Առանձնահատուկ է Մկրտիչ Արմենի «Երևան» վեպի հրատարակությունը՝ որպես մշակութային մեծ ձեռքբերում։ Երկար ժամանակ շրջանցված այս գործը վերադառնում է ընթերցողի սեղան՝ արժանի ուշադրությամբ ու գնահատանքով։
«Բաբելոնյան գրադարան» մատենաշարում նոր կյանք է տրվում հեղինակներին, որոնք տարբեր հանգամանքների բերումով հայտնվել են գրական լուսանցքում։ Այս շարքը բացահայտում է մոռացված կամ անտեսված գրականության իրական գոհարները։ «Արգելված գրքեր» մատենաշարը վերականգնում է գաղափարական, գրաքննության կամ քաղաքական արգելքների բերումով երկար տարիներ չհրապարակված գրականության ներկայությունը։ Հեղինակներ, որոնց ձայնը երկար ժամանակ լռեցված է եղել, այժմ խոսում են հայերենով։ «Այսօր գրքի հիմնական գնորդը երիտասարդն է»,- նշեց Արքմենիկ Նիկողոսյանը՝ ընդգծելով, որ նոր սերունդն է նպաստում գրական մշակույթի պահպանմանն ու նոր հրատարակությունների պահանջարկի ձևավորմանը։ Հանդիպմանը մասնակցում էին ընթերցողներ, Հայաստանի ազգային և Երևանի համայնքային գրադաանների ներկայացուցիչներ։ Ավելին՝ տեսանյութում https://youtu.be/Ag4KBr-_gVw Լուսանկարներ՝ https://flic.kr/s/aHBqjCgdV8