Հեռախոսահամար
հկտ 21, 2024 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ
Հայաստանի ազգային գրադարանը այսօր՝ հոկտեմբերի 20-ին, հյուրընկալեց իտալացի հայտնի ճարտարապետ Չինո Ցուկիին։ Ճարտարապետության գրադարանը (Library For Architecture), Ազգային գրադարանի հետ համագործակցությամբ, կազմակերպել էր նշանավոր ճրտարապետի The Campside Shower Theory (Ի գովաբանություն արտաժամանակյա ճարտարապետության) հանրային դասախոսությունը։ Մեր գործընկեր Ճարտարապետության գրադարանի միջոցառումը կազմակերպվել էր LFA-ի «12 ամիս» ծրագրի շրջանակում։
Չինո Ցուկիի «Cino Zucchi Architetti» արվեստանոցը ճարտարապետության, լանդշաֆտի և քաղաքային պլանավորման մեջ եվրոպական առաջատար արվեստանոցներից մեկն է։ Արվեստանոցը պարբերաբար փնտրում է նոր տարածական լուծումներ ժամանակակից բազմազան և բազմաշերտ միջավայրերում։ Արվեստանոցի նպատակն է նորարարությունն ու հետազոտական աշխատանքները համատեղել մասնագիտական ամբողջականության հետ՝ ձևավորված փորձի և մասնագետների լավ հաստատված ցանցի շնորհիվ հաղթահարելով ցանկացած մասշտաբի բարդ ծրագրերը։
Միլանցի 68-ամյա Չինո Ցուկին կոմպոզիցիայի և քաղաքաշինական, ճարտարապետական ու քաղաքային դիզայնի խոշոր մասնագետ է, դոկտոր-պրոֆեսոր: 2013-ին նա հրավիրյալ դասախոս էր Հարվարդի Դիզայնի բարձրագույն դպրոցում։ Դասավանդել է Ֆլորենցիայի, Սիրակուզայի համալսարաններում, Ցյուրիխի և Մադրիդի պոլիտեխնիկական համալսարաններում։ Դասախոսում է Միլանի համալսարանում։ Քաղաքային դիզայնի, ճարտարապետության պատմության և տեսության թեմաներով բազմաթիվ էսսեների և հոդվածների հեղինակ է, որոնք հրապարակվել են բազմաթիվ միջազգային ամսագրերում:
Իր Cino Zucchi Architetti ստուդիայի հետ նա տարիների ընթացքում նախագծել և կառուցել է բազմաթիվ հասարակական, բնակելի, առևտրային շենքեր, գրասենյակներ, հանրային տարածքներ, նախագծել արդյունաբերական և պատմական տարածքների գլխավոր հատակագծեր, իրականացրել վերականգնումներ: Ցուկին մասնակցել է ճարտարապետության ոլորտի բազմաթիվ ազգային և միջազգային մրցույթների, ստացել զգալի թվով մրցանակներ: