Հեռախոսահամար
սպտ 09, 2024 Հանրային դասախոսություններ Միջոցառումներ
Հայաստանի ազգային գրադարանում լիբանանահայ լուսանկարիչ, արվեստագետ Հրայր Բազե Խաչերյանի հետ հանդիպումը մի իսկական ճամփորդություն էր հայկական խաչքարերի աշխարհում։ Ճանաչված արվեստագետը ներկաներին հասու դարձրեց հայկական խաչքարի էությանը. ինչ է խաչքարը, ինչպես «կարդալ» յուրաքանչյուր խաչքար։ Խաչերյանը հայ ձեռագիր մատյանների մանրանկարչության և խաչքարերի լուսանկարների համադրությամբ ներկայացրեց Հայաստանի Հանրապետության, Արցախի, պատմական Հայաստանի տարածքների, ինչպես նաև աշխարհով մեկ սփռված նշանավոր խաչքարերը, քարի մեջ ամփոփված աստվածաշնչյան մեկնությունները։
Հանդիպումը կազմակերպվել էր Հրայր Բազեի՝ 2024-ին լույս տեսած «Խաչքար» եռալեզու (հայերեն, անգլերեն, ֆրանսերեն) գրքի առիթով։ Միջոցառման մասնակիցները ծանոթացան Ազգային գրադարանի հավաքածուից՝ հեղինակի տարբեր տարիներին լույս տեսած պատկերագրքերին։ Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանն իր խոսքում ընդգծեց, որ Հրայր Խաչերյանի համաձայնությամբ լուսանկարչի բոլոր գրքերի թվային տարբերակները շուտով հասանելի կլինեն Ազգային գրադարանի առցանց շտեմարանում։
Հանդիպմանը ներկա էին ճանաչված արվեստագետներ, պատմաբաններ, հնագետներ։ Հնագետ, պատմաբան, արվեստագիտության դոկտոր Հակոբ Սիմոնյանը բարձր գնահատեց Հրայր Բազեի հետազոտական աշխատանքը։ Հրայր Խաչերյանը և իր սերնդակիցներ Զավեն Սարգսյանը, Արգամ Այվազյանն ու Սամվել Կարապետյանն անգնահատելի աշխատանք են կատարել հայ մշակութային ժառանգության մի ինքնատիպ դրսևորման՝ խաչքարերի արվեստը հանրությանը ներկայացնելու գործում։