ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի գրքային քարտեզը | հոկտեմբեր

նմբ 13, 2023 Նորություններ Հայաստանյան տասնյակ

Oct 2023 Map in Armenian
 

Շուրջ մեկ տարի է՝ Հայաստանի հանրային գրադարանների ամենապահանջված գրքերի ցուցակներում առաջատար դիրքերում են Ագաթա Քրիստիի վեպերը։ Հոկտեմբերին դետեկտիվի թագուհու վեպերից 11-ը նշված են տարբեր գրադարանների ցուցակներում, որոնցից «Ծռմռված տունը» (Crooked House» և «Մեծ քառյակը» (The Big Four) հայտնվել են ամսվա ամենաշատ սպասարկված գրքերի տասնյակում։ 

Նախորդ ամիսների համեմատ գրադարանների հոկտեմբերյան ցուցակներում այլևս շեշտված չէ դպրոցական ուսումնական ծրագրերով հանձնարարված գրականության ներկայությունը։ Դասական հայ գրողների գործերից հիշատակենք Խաչատուր Աբովյանի, Հովհաննես Թումանյանի, Գաբրիել Սունդուկյանի, Մուրացանի, Նար-Դոսի, Շիրվանզադեի, Բակունցի, Խաչիկ Դաշտենցի գրքերը։ Ալեքս Մայքլիդիս, Էրիխ Մարիա Ռեմարկ, Խալեդ Հոսեյնի, Մարկ Լևի, Ջոն Գրին, Ջոջո Մոյես։ Սրանք այն հեղինակներն են, որոնք գրադարանների ցուցակներում ներկայացված են մեկից ավելի գրքերով, և որոնց վեպերի նկատմամբ ընթերցողական հետաքրքրությունը չի նվազում։ Ջոն Գրինի «Աստղերն են մեղավոր» վեպը հավանաբար ոչ մի գրադարանում գրադարակի վրա չի մնում և միշտ շրջանառվում է։ 

Գրադարանային ցուցակներում հայ ժամանակակից արձակը ներկայացված է բազմաթիվ հեղինակներով. Անի Միրզոյան, Անուշավան Պողոսյան, Աշոտ Աղաբաբյան, Արամ Պաչյան, Գոհար Նավասարդյան, Դավիթ Սամվելյան, Էդգար Կոստանդյան, Էդգար Հարությունյան, Օֆելի Դալաքյան, Ռուբեն Եսայան։ Թվարկված հեղինակներից մի քանիսն արդեն ճանաչված գրողներ են։ Մյուսները դեռ երկար ճանապարհ պիտի անցնեն գրական Պառնաս հասնելու համար։ Ընթերցանությունը մշտանորոգ ընթացք ունի։ Ժամանակակից գրողները գալիս են տեղ գրավելու դասականների կողքին։ Սակայն ամենակուլ ժամանակը հանրային գրադարանների դարակների վրա այդ հեղինակների միայն մի մասին է պահում։