ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Վարդան Դևրիկյան 60

հնս 06, 2024 Նորություններ

դևրիկյան 60
 

«Որտեղ երևում էր, լույս էր բերում, լավատեսական տրամադրություն տարածում, երբեք չէր վհատվում, մաքառում էր անընդհատ։ Վանականներն ընդունում էին նրան որպես յուրայինի, լիներ դա Սուրբ Էջմիածնում, թե Անթիլիասում կամ Սուրբ Ղազար կղզում։ Գոց գիտեր հարյուրավոր հնագույն ձեռագրեր, սուրբ գրքեր, մատյաններ։ Եվ կյանքն էլ էր նրա անցնում հայ գրքի խաչմերուկում, որպես ազգային գանձերի անընկճելի պահապան». Ավիկ Իսահակյան:

Գրականագետ, լրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր Վարդան Դևրիկյանը ծնվել է 1964 թվականի մայիսի 18-ին։ Այսօր սիրված գրականագետը կդառնար 60 տարեկան։ Վարդան Դևրիկյանը երկար տարիներ եղել է Հայաստանի ազգային գրադարանի ընթերցողը, բարեկամը և աջակիցը: Անվանի գիտնականը գրադարանի գիտական խորհրդի անդամ էր: Նա խմբագրել է գրադարանի կազմած և հրատարակած «Հայ գիրքը 1921-1930 թվականներին» և «Հայ գիրքը 1931-1940 թվականներին» հատորները, «Գանձեր Հայաստանի ազգային գրադարանի» պատկերագիրքը և այլ հրատարակություններ:

Արձակագիր, հրապարակախոս Գևորգ Դևրիկյանի որդին՝ Վարդան Դևրիկյանը, ավելի քան 40 գրքի և 60-ից ավելի գիտական հոդվածների հեղինակ է։ Նա մասնակցել է Արցախյան պատերազմին, 1994թ. մայիսի 28-ին պարգևատրվել ՀՀ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով: Դևրիկյանն աշխատել է Մաշտոցի անվան Մատենադարանում, եղել «Լուսավորիչ» թերթի գլխավոր խմբագիրը։16 տարի շարունակ եղել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում «Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր և Մայր աթոռի ձեռագրատան վարիչ: 2009թ. դեկտեմբերից եղել է ՀՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան Գրականության ինստիտուտի փոխտնօրեն, իսկ 2015թ. մայիսից մինչև իր մահը՝ 2023 թվականի ապրիլի 13-ը՝ ինստիտուտի տնօրեն: