Հեռախոսահամար
դկտ 10, 2025 Հանրային դասախոսություններ

Հայաստանի ազգային գրադարանում կայացավ տեղեկատվական անվտանգության փորձագետ Ավետիք Պետրոսյանի հանրային դասախոսությունը «Տեղեկատվական անվտանգությունը գրադարանում» թեմայով։ Դասընթացին մասնակցում էին ինչպես ՀԱԳ, այնպես էլ Երևանի համայնքային գրադարանների ներկայացուցիչներ և ընթերցողներ։ Դասախոսության ընթացքում մասնակիցներին ներկայացվեց, թե ինչու է տեղեկատվական անվտանգությունը կարևոր հանրային գրադարանների գործունեության մեջ։ Ընդգծվեց, որ գրադարանները հանդիսանում են վստահելի հանրային տարածքներ, որտեղ պահպանվում են օգտատերերի անձնական տվյալներ, տրամադրվում են հանրային համակարգիչներ և ապահովվում է Wi-Fi հասանելիություն, ինչն էլ դրանք դարձնում է հնարավոր կիբերային հարձակումների թիրախ։ Նշվեց նաև, որ ցանկացած տեղեկատվական միջադեպ կարող է բացասաբար ազդել գրադարանի հեղինակության, հանրային վստահության և ֆինանսավորման վրա։
Ավետիք Պետրոսյանը ներկայացրեց նաև պաշտպանվող հիմնական ոլորտները, որոնք ներառում են՝
☑️օգտատերերի տվյալներ և ընթերցման պատմություններ,
☑️գրադարանային աշխատակիցների հաշիվներ (ILS,
☑️էլեկտրոնային փոստ, էլեկտրոնային ռեսուրսներ),
☑️լիցենզավորված թվային բովանդակություն և բաժանորդագրություններ,
☑️ներքին շրջանառության փաստաթղթեր,
☑️գրադարանի ՏՏ ենթակառուցվածք՝ շտեմարաններ, գրացուցակ, կայք, Wi-Fi և հանրային համակարգիչներ։
Դասախոսությունն ավարտվեց քննարկումով, որտեղ մասնակիցները հնարավորություն ունեցան հարցեր ուղղել և ներկայացնել իրենց առկա խնդիրներն ու փորձը տեղեկատվական անվտանգության ոլորտում, շոշափվեցին տեղեկատվական անվտանգության ապահովմանն առնչվող գործնական խնդիրներ և դրանց լուծումները։ Հանդիպումն իրականացվեց գրադարանավարների և ընթերցողների մեդիագրագիտության վերապատրաստման դասընթացների ծրագրի շրջանակում։
