ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Պարույր Սևակ - 100

փտր 12, 2024 Միջոցառումներ Ցուցահանդեսներ

 

4-3 
 

Ինչպես մարդն ունի իր ճակատագիրը, այնպես էլ գիրքը։ Պարույր Սևակի գրքերն ունեն իրենց ճակատագիրը և անպայման իրենց վրա կրում են նրա դժվարին, ծանր կյանքի կնիքը։ Արվեստաբան, գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանն այս դիպուկ ձևակերպմամբ սկսեց Սևակի 100-ամյակին նվիրված իր բանախոսությունը։

5-1

Տեր-Խաչատրյանն անդրադարձավ բանաստեղծի կենդանության օրոք լույս ընծայված 10 գրքերին, պատմեց՝ ինչ խիստ գրաքննության էր ենթարկվում նրա յուրաքանչյուր գիրքը։ Խոսեց Սևակի հետ իր, բանաստեղծի խոսքերով ասած, «անհաշտ մտերմության» մասին՝ նշելով, որ իր համար մեծ պատիվ էր Սևակի սանը լինելը։ Տարին սևակյան է։ Ազգային գրադարանը հայ մեծանուն բանաստեղծի 100-ամյակի միջոցառումների շարքի մեկնարկը տվեց գրադարանում պահվող գրականության ցուցադրությամբ և հանրային բանախոսությամբ։ Միջոցառմանը ներկա էր նաև Պարույր Սևակի թոռը՝ գրականագետ Սևակ Ղազարյանը։ Սևակյան ցուցադրությունը հարստացել է նրա տրամադրած բացառիկ հրատարակություններով, որոնց մի մասը Սևակ Ղազարյանը նվիրեց Ազգային գրադարանին։ Սևակի 100-ամյակի ցուցահանդեսում նրա տարբեր տարիների գրքերն են՝ առաջին՝ 1948-ին լույս տեսած «Անմահները հրամայում են» գրքից մինչև օրերս հրատարակված «Պարույր Սևակ. 100 բանաստեղծություն»-ը, այլ նորագույն հրատարակություններ և այլն։ 

1-3

Ի թիվս այլ նյութերի՝ ցուցադրված են Սևակի թարգմանած ու խմբագրած գրքերը, նրա մասին ուսումնասիրություններ, գրողի ձեռագրերը, արտերկրում հրատարակված գրքեր, ինչպես նաև՝ ոչ գրքային, ալբոմային հրատարակություններ՝ մասնավորապես Սարգիս Մուրադյանի, Արտո Չաքմաքչյանի ստեղծած սևակյան դիմանկարները, Արա Շիրազի հեղինակած՝ Սևակի քանդակի վերատպությունը։ Առաջին անգամ ցուցադրվում են «Մարդը ափի մեջ» գրքի համար Մինաս Ավետիսյանի նկարած էսքիզների պատճենները (բնօրինակները հրո ճարակ են դարձել. ակամա ուզում ես ասել՝ Մինասի ու Սևակի բախտ)։ «Բայց մեր բախտը այդ ո՞ր, ո՞ր գիշերում մռայլ, Ո՞ր անձրևի ներքո և ո՞ւմ ձեռքը թաղեց, Ո՞ր ջրհորդանն արդյոք քրքջաց մեզ վրա, Այդ ո՞ր առուն խնդաց, լամպը քմծիծաղեց»։ «Այդ ո՞վ և ինչո՞ւ էր բաց դուռն իմ դեմ փակում Ու զղջման աղ ցանում իմ վերքերի վրա»։ Սիրային այս բանաստեղծության տողերն անգամ ինչ ուժգնությամբ են բնորոշում ոչ միայն Սևակի, այլև, ինչու չէ, ամբողջ հայության ճակատագիրը։ Առավել հանգամանալից` այստեղ։ 

2-4