Հեռախոսահամար
ապր 17, 2025 Միջոցառումներ Գրական հանդիպումներ
Հայաստանի ազգային գրադարանը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ՝ հանդիպում հրատարակիչների հետ՝ «Խորհուրդ են տալիս հրատարակիչները. Գրքային նորություններ» խորագրով։ Ազգային գրադարանային շաբաթվա ծրագրի շրջանակում Էդիթ Պրինտ հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանի հետ հանդիպմամբ տրվեց նախաձեռնության մեկնարկը։ Դավիթ Սամվելյանի հետ հանդիպում-քննարկմանը մասնակցեցին ինչպես Ազգային, այնպես էլ Երևանի համայնքային մի շարք գրադարանների աշխատակիցներ։ Ձևավորվեց հետաքրքիր քննարկում ընթերցողների պահանջների, հետաքրքրությունների , գրադարանների համալրման խնդիրների, ընացակարգի և այլ հարցերի շուրջ։
Դավիթ Սամվելյանը, նաև որպես հեղինակ, ներկայացրեց իր հեղինակային «Մոռացված երկրի զանգերը» վեպը, որում նկարագրված են 20-րդ դարում Նախիջևանում տիրող միջէթնիկ հարաբերությունները, նախապատերազմական և հետպատերազմական կյանքի դժվարությունները, փոփոխություններն ու լարվածությունը։ (Գիրքն առկա է Հայաստանի ազգային գրադարանում և հասանելի է ընթերցողին)։
Խմբագիրը խոսեց մանկապատանեկան գրականության նոր հրատարակված մի շարք գրքերի մասին 2024 թվականին. ի դեպ առաջին անգամ հայերեն է թարգմանվել Էդգար Ռայս Բերրոուզի «Տարզան. Կապիկների որդեգիրը» գիրքը։ Տպագրվել է «Արկածային գրադարան» մատենաշարով՝ Հայկանուշ Շարուրյանի թարգմանությամբ։ Համաշխարհային գրականությունից նոր թարգմանություններից խոսեց Բրամ Սթոքերի «Արևամուտի ներքո» պատմվածքների շարքի մասին, որը ներկայացնում է չարն ու բարին, քաջությունն ու վախը, ազնվությունն ու սուտը, մանկական հասունությունն ու միամտությունը իրենց առօրեականության ու բացարձակության մեջ։
2024 թվականին տպագրվել է Ռեմարկի «Անուրջների օթևանը» վեպը՝ Նարինե Թադևոսյանի թարգմանությամբ։ Վեպը նկարագրում է երիտասարդ արվեստագետի հուզիչ կերպարը, որն արտացոլում է հենց իր՝ Ռեմարկի որպես գրողի զարգացման ուղին։ Սամվելյանը ներկայացրեց նաև Թովմաս Վուլֆի «Հեռավորն ու մոտիկը» պատմվածքների ժողովածուն, որն ընդգրկում է մինչ այս անգլերեն հրատարակված ամենաամբողջական՝ Ֆրենսիս Է.Սքիփի կազմած «Պատմվածքների լիակատար ժողովածու»-ի հիսունութ պատմվածքներից քսանութը։
«Էդիթ Պրինտ» հրատարակչության տպագրած նոր թարգմանություններից խոսեց Էմիլ Զոլայի «Խումարան», Հեկտոր Մալոյի «Սյուզան. Օրիորդ Կլիֆտոն» վեպերի, Ժորժ Սիմենոնի վեպերի թարգմանությունների շարքի մասին։ Հրատարակչի հետ հանդիպումը տվեց մի շարք հուզող հարցերի պատասխաններ, տեղեկացանք հրատարակչական գործունեության առանձնահատկությունների և դժվարությունների մասին։ Հետևեք Հայաստանի ազգային գրադարանի Ֆեյսբուքյան էջին՝ հերթական հանդիպումների մասին տեղեկանալու համար։