Հեռախոսահամար
հկտ 09, 2024 Նորություններ
Մեծ ցավով իմացանք, որ կյանքից հեռացել է գրող, թարգմանիչ, հրապարակախոս, գրական, մշակութային և հասարակական բեղմնավոր գործիչ, Հայաստանի ազգային գրադարանի վաղեմի, նվիրյալ բարեկամ ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆԸ։ Ֆելիքս Բախչինյանը հարյուրից ավելի ինքնուրույն ու թարգմանական գրքերի հեղինակ է, կազմել և հրատարակել է տասնյակ ու տասնյակ ժողովածուներ։ Գրական անխոնջ մշակի իր հետքն արդի գրականության մեջ նշանակալից է և մեծարժեք։
Ֆելիքս Բախչինյանն ամբողջ կյանքում կապված է եղել գրքի, գրականության, թարգմանչական գործի և գրադարանների հետ։ Իբրև հետազոտող և գիտնական՝ նա կյանքի մի զգալի մասն անցկացրել է գրադարաններում։ Բախչինյանը գրադարանների հետ կապված է կենսագրությամբ և կոչումով։ Ժամանակին նա ավարտել է Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումը։ Իսկ 1970-ական թվականներին եղել է Թումանյանի շրջանի գրադարանների կենտրոնացված համակարգի հիմնադիր տնօրեն։ Հայաստանի ազգային գրադարանի մեծ բարեկամ Ֆելիքս Բախչինյանը 2022 թվականին գրադարանի հավաքածուների համալրմանը մատուցած ծառայությունների համար «Ազգային գրադարանի բարեկամ» է ճանաչվել։ 2008 թվականից մինչ այսօր նրա միջոցով գրադարանը 1234 անուն 6470 միավոր գրականություն է ստացել։ Նրա հիմնադրած «Ֆրիտյոֆ Նանսեն» հիմնադրամի բազմաթիվ գրքերի տպաքանակի մի մասը մենք ՀՀ մարզային և համայնքային տասնյակ գրադարանների ենք փոխանցել։
Իր անսպասելի մահվան նախօրյակին Ֆելիքս Բախչինյանն այցելել էր Հայաստանի ազգային գրադարան. քննարկեցինք հոկտեմբերի 10-ին «Նանսենը և Հայաստանը» խորագրով ցերեկույթի ծրագիրը, որի ընթացքում պիտի ներկայացվեր նաև իր թարգմանած վերջին գիրքը։ Այդ օրը, օգտագործելով վրաց գործընկերների հետ իր վաղեմի կապերը, Բախչինյանը հեռախոսազանգով միմյանց հետ ծանոթացրեց Վրաստանի և Հայաստանի ազգային գրադարանների տնօրեններին։ Կողմերը պայմանավորվեցին նոյեմբերին Հայաստանի ազգային գրադարանում հյուրընկալել վրաց գործընկերներին։ Ֆելիքս Բախչինյանի անունն ընդմիշտ կմնա Ազգային գրադարանի բարեկամների հիշատակի մատյանում: