Հեռախոսահամար
հկտ 11, 2024 Նորություններ
Այսօր, երբ հաղորդակցության միջոցները և տեղեկատվական տեխնոլոգիաները ներթափանցել են հասարակական կյանքի յուրաքանչյուր բնագավառ և աշխատանքի կազմակերպման նոր մեթոդներ են թելադրում, գրադարանավարները հայտնվել են նոր մարտահրավերների առաջ: Գրադարանային գործընթացների ավտոմատացումը, սպասարկման և ծառայությունների նոր եղանակների կիրառումը գրադարանային աշխատողներից նոր հմտություններ են պահանջում:
Սեպտեմբերի 16-18-ը Հայաստանի ազգային գրադարանի փորձառու աշխատակիցները Կապանի էլեկտրոնային գրադարանում «Գրադարանավարների մասնագիտական կարողությունների զարգացման և վերապատրաստման» եռօրյա դասընթաց անցկացրին Կապանի ակումբագրադարանային միավորման շուրջ 30 գրադարանավարների համար:
Գրադարանային մասնագետները երեք օր շարունակ աշխատանքային քննարկումներ ունեցան ժամանակակից էլեկտրոնային ռեսուրսներ, գրականության հաշվառում և էլեկտրոնային տվյալների բազայի ստեղծում, գուգլ միջավայրը գրադարանների համար, գրադարանը սոցիալական հարթակներում, միջոցառումների կազմակերպման նորարար մեթոդներ, գրադարանային գործի օրենսդրական կարգավորում և այլ թեմաներով, որոնց մի մասը անցկացվեց հեռավար կապով՝ ZOOM միացումով:
Դասընթացի բոլոր մասնակիցները Ազգային գրադարանի կողմից մասնակցության հավաստագրեր ստացան: Ուսուցանողների և մասնակիցների միջև աշխատանքային կապեր ձևավորվեցին, ինչը կօգնի միջգրադարանային կապերը շարունակելուն և ստացած գիտելիքներն աշխատանքում ներդնելուն: