Հեռախոսահամար
նմբ 11, 2024 Միջոցառումներ Ցուցահանդեսներ Հանրային դասախոսություններ
«Անկեղծ հրապարակախոսը պէտք է ձի մը ունենայ, որպէսզի ճշմարտութիւնը ըսելէ ետք վրան նստելով փախուստ տայ»։ Երվանդ Օտյան։ Հայաստանի ազգային գրադարանում նոյեմբերի 13-ին գրականության ցուցադրություն բացվեց՝ նվիրված արևմտահայ մեծանուն գրող, երգիծաբան, լրագրող և հրապարակագիր Երվանդ Օտյանի ծննդյան 155-ամյակին։ Օտյանի գրական-հասարակական գործունեության մասին ընդարձակ բանախոսությամբ հանդես եկավ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, ԵՊՀ - Yerevan State University-ի Հայ բանասիրության ֆակուլտետի՝ ակադեմիկոս Հրանտ Թամրազյանի անվան հայ գրականության պատմության և գրականության տեսության ամբիոնի պատվավոր վարիչ Սամվել Մուրադյանը։
Ցուցահանդեսում ներկայացված է ավելի քան 70 միավոր գրականություն, որոնց թվում՝ գրողի երկերի հազվագյուտ հրատարակություններ, Երվանդ Օտյանի ստեղծագործության ուսումնասիրությանը նվիրված ատենախոսություններ։ Ցուցահանդեսը կգործի մինչև շաբաթավերջ։ Երվանդ Օտյանը գրական ասպարեզ է իջել 1890-ական թվականներին։ Առաջին իսկ գրական փորձերից նա աչքի էր ընկնում հարուստ գիտելիքներով, յուրահատուկ գրական ձեռագրով։ Հայ նորավիպագրության ընտիր էջերից են Օտյանի «Վաշխառուն» (1893) և «Կաղանդի վիպակը» (1895)։
Հայ դասական արձակում ծանրակշիռ ներդրում են Օտյանի «Հեղափոխության մակաբույծները» շարքի պատմվածքները, եռամաս «Ընկեր Բ․ Փանջունի» («Առաքելություն մը ի Ծապլվար», «Ընկեր Բ․ Փանջունի ի Վասպուրական» և «Իմ աշխարհայացքները», «Ընկեր Բ․ Փանջունի տարագրության մեջ») երգիծավեպերը և այլ երկեր։ Օտյանի գրական ժառանգությունն են երեք տասնյակից ավելի բազմահատոր վեպեր, վիպակներ, կատակերգություններ, պատմվածքներ, նորավեպեր, հուշագրություններ, բանասիրական, հետազոտություններ, մի շարք թարգմանություններ։