Հեռախոսահամար
նմբ 01, 2024 Նորություններ
Փորագրանկարչության խոշորագույն վարպետ, ֆրանսահայ հայտնի նկարիչ, ֆրանսիական Պատվո լեգեոնի ասպետ և շքանշանակիր Էդգար Շահինի 150-ամյակն է նշվում այս տարի։ Նրա ստեղծագործությունը հայ մշակույթի և 20-րդ դարի սկզբի եվրոպական կերպարվեստի նշանակալի երևույթներից է։ Նա Վենետիկի մեծ նկարիչներից էր, Վենետիկի պատվավոր քաղաքացի։ 1900 թվականին Փարիզի համաշխարհային ցուցահանդեսում Շահինը արժանացել է ոսկե մեդալի, ընտրվել Լոնդոնի գեղարվեստի թագավորական ընկերության, փորագրողների միության, Հռոմի իտալական գեղարվեստի ազգային ընկերության անդամ։ 1903 թվականին Վենետիկի համաշխարհային ցուցահանդեսում Շահինի 20 փորագրություններն արժանացել են ոսկե Մեծ մրցանակի, ֆրանսիական կառավարությունը նրան շնորհել է Պատվո լեգեոնի ասպետի աստիճան և շքանշան։
Շահինն ստեղծագործել է նաև գրքի նկարազարդման բնագավառում. ձևավորել է Անատոլ Ֆրանսի «Կատակերգական պատմություն», Գուստավ Ֆլոբերի «Նոյեմբեր», Գաբրիել Մուրեի «Փարիզի տոնավաճառի մարդիկ» (140 օֆորտ), Մորիս Բարեսի «Վենետիկի մահը», Վերգիլիուսի «Մշակականք» (Տիգրան Պոլատի ու 15 այլ նկարիչների հետ) և այլ գրքեր։
Արշակ Չոպանյանի անմիջական միջնորդությամբ նկարչի գործերը հասու էին դառնում նաև հայ արվեստասերին, նրա գործերը տպագրվել են «Անահիտ», «Գեղունի», «Բազմավէպ», «Գեղարուեստ» և այլ հանդեսներում։ Գրիգոր Զոհրապի առաջարկությամբ ստեղծել է մի օֆորտ, որտեղ պատկերել է սպանդից փրկված հայ որբերի. հետնապատկերում Անիի Հովվի եկեղեցին է։
Շահինը ծանոթություն ուներ Դանիել Վարուժանի, Սիամանթոյի, Ղևոնդ Ալիշանի, Կոմիտասի, ժամանակի շատ հայ հայտնի նկարիչների հետ։ Էդգար Շահինի գործերը պահվում են Փարիզի ազգային գրադարանում, Վենետիկի քաղաքային թանգարանում, Հայաստանի ազգային պատկերասրահում (300-ից ավելի), Էրմիտաժում, Մոսկվայի Պուշկինի անվան կերպարվեստի և եվրոպական երկրների այլ թանգարաններում։ Ֆրանսիայում գործում է Շահինի թանգարանը, որը բացվել է 1995 թվականին Նորմանդիայում՝ Ժիզյո քաղաքին մերձակա Սեն Միշելում։