ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ

Հեռախոսահամար

Հայաստանի ազգային գրադարանը համալրվեց արժեքավոր աշխատություններով

սպտ 23, 2025 Նորություններ Նվիրատվություններ

IMG-0387-1-1

 

Հայաստանի ազգային գրադարանը համալրվեց կարևոր աշխատություններով։ Թարգմանչուհի Կարինե Դրոր Հարությունյանը Հայաստանի ազգային գրադարանին նվիրել է երկու նշանակալի աշխատություն, որոնք իրենց բովանդակությամբ կարևոր են թե՛ պատմության, թե՛ մշակութային ժառանգության, և թե՛ հիշողության պահպանման տեսանկյունից։ «Նախագահ Քալվին Քուլիջը և հայկական որբերի գորգը» Հեղինակ՝ Դոկտոր Հակոբ Մարտին Դրանեան Թարգմանիչ՝ Կարինե Դրոր Հարությունյան Գիրքը նվիրված է Միացյալ Նահանգների 30-րդ նախագահ Քալվին Քուլիջին նվիրաբերված պատմական արժեք ունեցող գորգի պատմությանը։

Հայ որբերի ձեռքով պատրաստված այս գորգը (հայտնի նաև որպես Armenian Orphan Rug կամ Ղազիրի գորգ) առանձնահատուկ խորհրդանիշ է՝ կապված հայ ժողովրդի ողբերգական պատմության և ամերիկյան ժողովրդի ցուցաբերած մարդասիրական աջակցության հետ։ Գորգը պատրաստվել է հայ որբերի կողմից 1920-ականներին, որպես երախտագիտություն ԱՄՆ ժողովրդին և անձամբ նախագահ Քուլիջին՝ Հայոց ցեղասպանությունից հետո հայ որբերին ցուցաբերած օգնության համար։ Այն նվիրաբերվել է Սպիտակ տանը և երկար տարիներ պահվել այնտեղ։ Հետագայում գորգը տեղափոխվել է Սմիթսոնյան ինստիտուտ, որտեղ այն դարձավ մշակութային ժառանգության և հիշողության պահպանման խորհրդանիշ։ Այս աշխատությունը ոչ միայն ներկայացնում է գորգի ստեղծման և նվիրաբերման պատմությունը, այլև շեշտադրում է ամերիկահայ և ամերիկյան հասարակության փոխադարձ կապերի, ինչպես նաև մարդասիրության ու հիշողության դերը հայոց նորագույն պատմության մեջ։ «Մայրիկիս ձայնը» (صدای مادرم) Հեղինակ՝ Քեյ Մուրադյան (Kay Mouradian) Թարգմանիչ՝ Կարինե Դրոր Հարությունյան Գրքի թարգմանությունը նվիրված է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին,109-րդ տարելիցին:Գիրքը վերապատմում է Հայոց ցեղասպանության տարիներին դեռահաս մի հայ աղջկա՝ հեղինակի մոր կյանքի պատմությունը։ Այն հիմնված է անձնական հիշողությունների ու ընտանեկան վկայությունների վրա և վերածվել է գրականորեն հուզիչ ու պատմականորեն արժանահավատ վեպի։ Գրքում պատմվում է, թե ինչպես է 14-ամյա հայ աղջիկը, վերապրելով ցեղասպանության սարսափները, կորուստները և աքսորը, պայքարում գոյատևելու համար։ Նրա պատմությունը ոչ միայն անհատի ողբերգություն է, այլև հազարավոր հայ կանանց ու երեխաների ճակատագրի խորհրդանիշ։ Գրքի հայերեն թարգմանության մեջ թարգմանչի կողմից, հեղինակի համաձայնությամբ ավելացվել են նաև դոկտոր Մուրադյանի մայրիկի ընտանեկան լուսանկարները՝ ժամանակի պատկերն ավելի ամբողջական դարձնելու նպատակով։ Այս աշխատությունը առաջին անգամ լույս է տեսել անգլերեն՝ ԱՄՆ-ում, 2009 թվականին` «Նվեր արևի լոյսին տակ» վերնագրով, իսկ երկրորդ տպագրության ժամանակ հեղինակը փոխել է գրքի վերնագիրը՝ «My Mother’s Voice», «Մայրիկիս ձայնը»։ Ի դեպ, գրքի շապիկին պատկերված է Վարդգես Սուրենյանցի 1887թ. «Հարեմում» կտավը:

Գիրքը հետագայում դարձել է վավերագրական ֆիլմի հիմք, որը մասնակցել է բազմաթիվ միջազգային փառատոնների, արժանացել մրցանակների՝ ընդգծելով պատմության ուժը, հիշողության կարևորությունը և ցեղասպանության մասին վկայությունների փոխանցման անհրաժեշտությունը։ Հայաստանի ազգային գրադարանը շնորհակալություն է հայտնում Կարինե Դրոր Հարությունյանին այս արժեքավոր նվերի համար։ Շուտով գրքերը հասանելի կլինեն մեր ընթերցողներին։