Հեռախոսահամար
դկտ 12, 2024 Նորություններ Պաշտոնական
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը 2024 թվականի դեկտեմբերի 4-6-ը Մոսկվայում մասնակցել է Ռուսաստանի պետական մանկական գրադարանի 55-ամյակին նվիրված հոբելյանական գիտաժողովին, որի շրջանակում Աննա Չուլյանի նախագահությամբ անցկացվել է նաև Եվրասիայի գրադարանային վեհաժողովի (ԵԳՎ) հերթական՝ 29-րդ ընդհանուր ժողովը։
Ժողովում քննարկվել են 2025 թվականի ծրագրերը, և մասնավորապես, ԱՊՀ երկրներում գրադարանավարների մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման հարցերը։ Հաշվի առնելով, որ ԱՊՀ անդամ երկրների հանրային գրադարաններում գրականության տացքի 30-40%-ը մանկական գրականությունն է, խնդիր է դրվել ԵԳՎ նստաշրջանում այսուհետ «Մանկական և երիտասարդական գրադարանների» առանձին նիստեր գումարել։
Վեհաժողովի անդամ երկրներում գրադարաններն ընթերցանության չափանիշների և չափորոշիչների վերաբերյալ կարիքների վերլուծություն և գնահատում կկատարեն, կմշակվեն ընթերցանության որակի, զարգացման չափանիշների և չափորոշիչների հայեցակարգեր՝ հիմնված միջազգային ստանդարտների վրա։
Առանձին քննարկում է եղել հատուկ կարիքներով անձանց՝ կույրերի, թույլ տեսողություն, դիսլեքսիա, դիսգրաֆիա ունեցողների գրադարանային սպասարկման մասին՝ նրանց համար հրատարակվող գրականության հրատարակչական մոդելների մշակման համար։ Նստաշրջանում հատուկ շեշտադրվել է ԱՊՀ անդամ երկրներում Մարաքեշի պայմանագրի վավերացման կարևորությունը, որը Հայաստանը վավերացրել է դեռ 2023-ի սեպտեմբերին։
Մանկական և պատանեկան գրքի II միջազգային ֆորումում, որին ԱՊՀ երկրներից մասնակցել են ազգային գրադարանների ղեկավարներ, պետական և հասարակական կազմակերպությունների մասնագետներ, ինչպես նաև գրողներ, թարգմանիչներ, գրքերի ձևավորողներ ու նկարիչներ, Աննա Չուլյանը զեկուցում է ներկայացրել «Կամավորության քաղաքականությունը Հայաստանի Հանրապետությունում. Ազգային գրադարանի փորձը» թեմայով։