Հեռախոսահամար
ապր 08, 2026 Կինոակումբ

Ապրիլի 7-ին Հայաստանի ազգային գրադարանի Մեծ դահլիճում կայացավ Սինե-ակումբի հերթական ցուցադրությունը՝ նվիրված ֆրանսիական համր կինոյի նշանավոր ռեժիսոր Ժերմեն Դյուլակին։ Երեկոյի ընթացքում ներկայացվեցին նրա երկու կարևորագույն ֆիլմերը՝ «Ժպտացող տիկին Բյոդեն» (1923) և «Ուղևորության հրավերը» (1927), որոնք հանդիսատեսին տարան կինոյի վաղ շրջանի նուրբ, խորհրդանշական ու փորձարարական աշխարհ։ Դյուլակի ստեղծագործությունները, առանձնանալով իրենց հոգեբանական խորությամբ և պատկերային պոեզիայով, բացահայտում են կնոջ ներաշխարհը, ազատության ձգտումն ու հասարակական սահմանափակումների հետ բախումը։
Ժպտացող տիկին Բյոդեն»-ը սուր սոցիալական դիտարկում է՝ ընտանեկան հարաբերությունների և կնոջ ճնշված ինքնության մասին, մինչդեռ «Ուղևորության հրավերը»՝ ներշնչված Բոդլերի համանուն ստեղծագործությունից, հանդիսատեսին տեղափոխում է երազային ու զգայական տարածք, որտեղ իրականությունն ու երևակայությունը միաձուլվում են։ Ցուցադրությունը տեղի ունեցավ ֆրանսերեն՝ հայերեն և անգլերեն ենթագրերով՝ ապահովելով ֆիլմերի հասանելիությունը լայն լսարանի համար։
Միջոցառումը կազմակերպվել էր «Կինոն փոխում է աշխարհը․ Ֆրանսիա 1895-2026» ծրագրի շրջանակում, որը համադրում է ֆրանսիական համր կինոյի գլուխգործոցներն ու արդի կինեմատոգրաֆիայի կարևոր ձեռքբերումները՝ ընդգծելով, թե ինչպես է կինոն ձևավորում մեր ընկալումները, մտածողությունն ու իրականության զգացողությունը։ Սինե-ակումբը, որն այս տարի նշում է իր 5-ամյակը, շարունակում է միավորել կինոյի սիրահարներին՝ շնորհիվ Հայաստանում Ֆրանսիական ինստիտուտի/Ֆրանսիայի դեսպանության, «Ֆիլմադարան» ՀԿ-ի և Հայաստանի ազգային գրադարանի համագործակցության։
