Հեռախոսահամար
հկտ 14, 2024 Նորություններ Միջոցառումներ
Հայաստանի ազգային գրադարանում hոկտեմբերի 3-4-ին տեղի ունեցավ «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» խորագրով միջազգային երկրորդ գիտաժողովը՝ նվիրված Հայաստանի ազգային գրադարանի հիմնադրման 105-ամյակին։ Գիտաժողովին մասնակցում էին աշխարհի 20 երկրի 64 կազմակերպության շուրջ 200 մասնակիցներ։ Գիտաժողովի կազմակերպիչները ժառանգության պահպանության խնդիրների և մարտահրավերների շուրջ մի հարկի տակ համախմբել էին միջազգային մասնագիտական ներուժը. գրադարանների տնօրեններ, ճանաչված միջազգային գործիչներ, գրադարանային-տեղեկատվական ոլորտի երիտասարդ և հեռանկարային մասնագետներ: Հոկտեմբերի 3-ին գիտաժողովի հանդիսավոր բացմանը ողջույնի խոսք ասաց Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ Նա նշեց, որ գիտաժողովը նվիրված է Հայաստանի ազգային գրադարանի պետական կարգավիճակ ստանալու 105-ամյակին և իր ելույթն ավարտեց գրադարանների ապագայի վերաբերյալ մի շարք հարցադրումներով. Ո՞րն է լինելու գրադարանների դերը թվային դարաշրջանում: Ինչպե՞ս են գրադարանները հավասարակշռելու ֆիզիկական և թվային հավաքածուները: Ինչպե՞ս կարող են գրադարանները արդիական մնալ արհեստական բանականության և տեղեկատվության ավտոմատ որոնման աշխարհում:
Գիտաժողովի մասնակիցներին ողջունեց և հաջողություն մաղթեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը։ Նա մասնավորապես ասաց. «Նախարարությունը կարևորում և մշտապես քաջալերում է միջմշակութային երկխոսությունը և գործնական նոր կապերի հաստատումը։ Պետությունը կարևորում է գրադարանների և գրադարանային գործունեության դերը հայ հասարակության կյանքում և մշտապես ուշադրության կենտրոնում է պահում ոլորտի զարգացումը»: Լիագումար նիստում ելույթներ ունեցան Բելգիայի Գիտական քաղաքականության գրասենյակի (BELSPO) ավագ խորհրդական Քրիս Դե Լյուֆը, գերմանական Շպրինգեր նեյչըր հրատարակչական ընկերության Global Books Business-ի ղեկավար Փիթր Նիլս Թոմասը, Հայկական ARLOOPA ընկերության հիմնադիր Արման Աթոյանը, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Մոլլի Ֆրիմանը, Ռուսաստանի պետական գրադարանի տնօրեն Վադիմ Դուդան, Հունգարիայի ազգային գրադարանի թվային կենտրոնի խմբի ղեկավար Կալչո Գյուլան, «Լոուսյութ» իրավաբանական ընկերության գործադիր տնօրեն Անի Դավթյանը և Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը։ Գիտաժողովի գլխավոր խոսնակների զեկուցումների առանցքում գրադարանների և արհեստական բանականության փոխհարաբերությունների հարցերն էին։ Գրադարանի չորս դահլիճներում զուգահեռ կազմակերպված քննարկումները նվիրված էին հայկական ժառանգության պահպանության և հանրահռչակման, մատենագիտության, ընթերցանության խթանման, թվային բովանդակության կառավարման, մասնագիտական զարգացման և այլ թեմաների։
Գիտաժողովի ընթացքում անցկացվեց նաև Եվրասիայի գրադարանային վեհաժողովի անդամների 28-րդ ընդհանուր ժողովը։ Գիտաժողովի շրջանակում հետագա համագործակցության մասին հուշագրեր ստորագրվեցին Հայաստանի ազգային գրադարանի և Սլովենիայի ազգային և համալսարանական գրադարանների, ինչպես նաև Հայաստանի ազգային գրադարանի և Բուլղարիայի ազգային գրադարանի միջև։ Հոկտեմբերի 5-ին մշակութային ծրագիր էր կազմվել գիտաժողովի հյուրերի համար։ Նրանք այցելեցին Գեղարդի վանական համալիր և Գառնու տաճար։ Այս օրերին Ազգային գրադարանը բազմաթիվ շնորհակալական նամակներ է ստանում գիտաժողովի մասնակիցներից։ Արդեն կարելի է ասել, որ երկամյա պարբերականությամբ կազմակերպվող «Ժառանգության պահպանություն՝ հանուն կայուն ապագայի» միջազգային գիտաժողովը դարձել է Հայաստանի ազգային գրադարանի այցեքարտերից մեկը։