Հեռախոսահամար
օգս 05, 2024 Միջոցառումներ Հանրային դասախոսություններ Ցուցահանդեսներ
Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական փոքր դահլիճում տեղի ունեցավ ուշագրավ հանրային դասախոսություն՝ նվիրված հայ բանաստեղծ Զահրատի 100-ամյակին։ Բանախոսը՝ գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը, ներկայացրեց Զահրատի կյանքի և ստեղծագործության ուղին, խոսեց նրա գրական ժառանգության և հայ գրականության մեջ նրա կարևոր դերի մասին։ Բանախոսի խոսքերով բարեբախտություն է, որ մենք այսօր կարող ենք հիշել այս բացառիկ մարդու անունը։ Իր խոսքերով դժվար է մատնանշել մեկ ուրիշի, որի մարդկային հմայիչ կերպարը և իր գրականությունը այդքան ներդաշնակ լինեն։
«Զահրատի բանաստեղծությունը ենթադրում է ընթերցողի մասնակցությունը։ Նա վերացական, կյանքից կտրված բանաստեղծ չէ։ Հեղինակը ամենապարզ իրերի մեջ կարող է տեսնել խորհուրդ, սովորական իրականության մեջ պոեզիա։ Զահրատը իսկապես հայտնաբերել է մեր գրականության մեջ նոր կարելիություններ»,- նշում է Երվանդ Տեր-Խաչատրյանը։
Թամանյանական փոքր ցուցասրահում բացվել է Զահրատի ստեղծագործությունների, նրա մասին գրականության և ոչ գրքային հրատարակությունների ցուցադրություն։ Հետևեք Ազգային գրադարանի ֆեյսբուքյան էջին գալիք դասախոսությունները և միջոցառումները բաց չթողնելու համար։