Հեռախոսահամար
հնվ 24, 2025 Միջոցառումներ
Երեկ Հայաստանի ազգային գրադարանում գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր Սամվել Մուրադյանի ծննդյան 80-ամյակին նվիրված գրական ցերեկույթն անցավ սպասված ջերմ և անկեղծ մթնոլորտում։ Միջոցառմանը մասնակցում էին գրականագետի գրչակից ընկերները՝ գրականագետներ, գրողներ, մշակույթի գործիչներ, գրադարանավարներ և ուսանողներ։
Ազգային գրադարանի տնօրեն Աննա Չուլյանը հոբելյարին հանձնելով գրադարանի 105-ամյակի առթիվ թողարկված խորհրդանշական 105 արծաթյա կրծքանշաններից մեկը, գրադարանի անունից շնորհավորեց ՀԱԳ գիտական խորհրդի անդամ Սամվել Մուրադյանին՝ շնորհակալական խոսքով նշելով նրա տարիների աջակցությունը գրադարանի տարբեր բնույթի ծրագրերին։
«Եթե Սամվել Մուրադյանը ծնված լիներ սրանից հազար տարի առաջ 10-րդ դարում, ապա ես վստահ եմ, որ նա կլիներ ժամանակի ամենանշանավոր ասացողներից մեկը։ Եթե Սայաթ-Նովայի ժամանակ ապրելիս լիներ, անպայման աշուղ կլիներ։
Դե իսկ մեր ժամանակներում բնականաբար նրա տեղը դասախոսական աշխատանքը եղավ», իր մեծարման խոսքում ասաց գրականագետ Դավիթ Գասպարյանը։ Բազմաթիվ ելույթ ունեցողները նշեցին Սամվել Մուրադյանի մարդկային արժանիքները, Հարություն Սուրխաթյանի, Երվանդ Օտյանի, Հովհաննես Շիրազի գրական ժառանգության ուսումնասիրության մեջ նրա մեծ ներդրումը։ Բոլոր ելույթներում նշվում էր նրա ֆենոմենալ հիշողությունը, որի շնորհիվ նույնիսկ մոռացությունից գրական շատ էջեր է անդառնալի կորստից փրկել։
Միջոցառման ավարտին շնորհակալական խոսք ասաց հոբելյարը՝ իր խոսքը համեմելով Սայաթ-Նովայի, Օտյանի, Շիրազի և այլ գրողների խոսքից քաղված ասույթներով։