Հեռախոսահամար
օգս 18, 2023 Պաշտոնական Նորություններ
Հունիսի 12-ին Հայաստանի ազգային գրադարան էր այցելել Հայաստանի Հանրապետությունում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան, դոկտոր Նորա Արիսյանը։ Բանասեր, գրող, թարգմանիչ և արևելագետ Նորա Արիսյանը ճանաչված անուն է հայ-սիրիական հարաբերությունների ասպարեզում։ Նրա վաստակը բարձր է գնահատվել ՀՀ իշխանությունների կողմից։
Տիկին դեսպանը շուրջ մեկուկես տասնյակ հայերեն և արաբերեն գրքերի հեղինակ է։ Նորա Արիսյանը Սիրիայի Արաբական Հանրապետության օրենսդիր մարմնում ընտրված առաջին հայ կին երեսփոխանն է։ Զրույցի ընթացքում կողմերը Հայաստանի ազգային գրադարանի և Սիրիայի գրադարանների միջև մշակութային համագործակցության և գրքափոխանակության ծրագրեր քննարկեցին։ Առանձնահատուկ կարևորվեց հայ գաղթօջախներում լույս տեսած և ներկայում տպագրվող մամուլի թվայնացման խնդիրը։
Առաջիկայում Ազգային գրադարանը կհամալրվի արաբերեն հայագիտական գրականությամբ։ Դեսպանը սիրահոժար խոստացավ աշնանը հանրային դասախոսությամբ հանդես գալ գրադարանում։