Հեռախոսահամար
ապր 29, 2024 Միջոցառումներ
2024-ին նշում ենք Ազգային գրադարանային հավաքածուի (ԱԳՀ) ստեղծման 105-ամյակը։ Դեռևս 1919թ. առաջին հանրապետության այրերը իրավական ձևակերպումներով ամրագրեցին Ազգային գրադարանի հիմնադրման և ԱԳՀ ստեղծման անհրաժեշտությունը։ Հայաստանի ազգային գրադարանը ստանում և սերունդների համար պահում-պահպանում է մեր երկրի տպագիր ժառանգությունը։
21-րդ դարում հրատարակիչները և տպարանները տպագիր նյութերի հետ նաև տեղեկատվություն կրող տարբեր էլեկտրոնային հրատարակություններ են թողարկում։ Ավելին, ներկայում շատ գրքեր և հանդեսներ միայն թվածին տարբերակով գոյություն ունեն։ Բազմաթիվ երկրներում արդեն օրենսդրորեն կարգավորված է ոչ թղթային, թվային և թվածին հրատարակություններն ազգային գրադարաններին տրամադրելու և պահպանության կարգը։
Նշված մարտահրավերները միասին քննարկելու նպատակով ապրիլի 19-ին Հայաստանի ազգային գրադարանը, Ազգային գրադարանային շաբաթի շրջանակում, կլոր սեղան-քննարկում էր կազմակերպել հրատարակիչների հետ։ Մասնակիցները թվային մարտահրավերների համատեքստում ներկայացրին իրենց տեսակետները և մտահոգությունները։ Ազգային գրադարանը մտադիր է շարունակել այս խնդրի կարգավորման ուղղությամբ խորհրդակցությունները հրատարակիչների և պատկան մարմինների հետ։