Հեռախոսահամար
ապր 05, 2024 Նորություններ Հայաստանյան տասնյակ
«Գիտե՞ս, Թեո, որն է ամենածանրը. խոստովանել, որ մեզ այն ժամանակ, երբ ամենաշատն էինք դրա կարիքը զգում, չեն սիրել։ Չսիրված լինելու ցավը սարսափելի զգացում է»։ Ալեքս Մայքլիդիս, «Լռակյաց հիվանդը»։ Հայաստանյան գրադարանների մարտին ամենաշատն ընթերցված գրքերը սիրո ամենտարբեր դրսևորումների լիառատ աղբյուր են։ Հանրային բնույթի գրադարաններում գեղարվեստական գրքերի ընթերցանության մարտյան տասնյակը կազմվել է Հայաստանի ազգային գրադարանից, 10 մարզային գրադարաններից, Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական քաղաքային գրադարանից և նրա մասնաճյուղերից, ինչպես նաև Աջափնյակ համայնքի Շառլ Ազնավուրի անվան գրադարանից, Սպիտակի և Ստեփանավանի քաղաքային գրադարաններից ստացված ամենաշատ սպասարկված գրականության ցուցակների հիման վրա։ Մարտյան առաջատար եռյակում երկու հայ դասական և մեկ թարգմանական գիրք կա։ Շիրվանզադեի «Քաոսը» և Րաֆֆու «Սամվելը» ընդգրկվել են վեց և ավելի գրադարանների թոփ տասնյակներում։
Ինչպես փետրվարին, այնպես էլ մարտին հունական արմատներով ժամանակակից բրիտանացի գրող Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» վեպն է հաջորդը «առջատարների» շարքում։ Նրա «Կույսերը» և «Ցասում» վեպերը նույնպես շատ պահանջված են։ Հայ դասական գրողներից տասնյակում են նաև Նար-Դոսը և Հակոբ Պարոնյանը։ Հիմնականում Երևանյան գրադարանների տվյալներով՝ տասնյակում է հայտնվել նաև Ուիլյամ Շեքսպիրի «Համլետը»։ Հայաստանի գրադարաններում ընթերցանության համանվագը շարունակվում է։ Դասական և ժամանակակից հեղինակները շարունակում են խոսել մեր սրտերի, մեր հոգիների հետ։ Լավ գրքերում անպայման հոգի կա, որը գերում է մեզ, երկինք է տանում։ Մեծն Շեքսպիրի խոսքերով՝ «Բառերս թեև թռչում են վերև, սակայն մտքերս մնում են ներքև։ Երբեք բառերս առանց մտքերի երկինք չեն հասնի»:"